Մատչելիության հղումներ

Նովիկովին ՀՀ-ում քաղաքական ապաստան տալու հարցը Սիմոնյանը Տիխանովսկայայի հետ չի քննարկել


Հայաստանի խորհրդարանի խոսնակը հերքում է, թե Բելառուսի ընդդիմության վտարանդի առաջնորդի հետ քննարկել է հայաստանյան բանտում պահվող բելառուսցի երիտասարդին քաղաքական ապաստան տալու հարցը։

Խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ Ալեն Սիմոնյանը Սվետլանա Տիխանովսկայայի հետ պաշտոնական հանդիպում չի ունեցել, պարզապես Բրյուսելում Եվրանեսթի կուլիսներում զրուցել են միջանցքում։

Առավոտյան բելառուսական աղբյուրներն էին Տիխանովսկայայի գրասենյակին հղում տալով գրում, թե հայկական պատվիրակության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ Հայաստանը քաղաքական ապաստան կտա Վանաձորի բանտում պահվող Յարոսլավ Նովիկովին։

Հայաստանի խորհրդարանի խոսնակի հետ զրույցից լուսանկար հրապարակած Բելառուսի ընդդիմության առաջնորդն էլ իր գրառման մեջ Նովիկովի թեմային չէր անդրադարձել։

Արդեն մեկուկես ամիս Հայաստանում կալանավորված 24-ամյա բելառուսցի երիտասարդի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասում է՝ քաղաքական ապաստան հայցող իր պաշտպանյալին Միգրացիոն ծառայության աշխատակիցներն օրերս են այցելել։ Հույս ունեն, որ Հայաստանը նրան ի վերջո ապաստան կտա։

«Հարցազրույցը բավականին երկար տևեց և բավականին բովանդակալից էր: Ես միշտ էլ ներկա եմ եղել որպես փաստաբան: Կարծում եմ՝ Նովիկովը կարողացավ բավարար չափով ներկայացնել իր երկյուղները՝ վերադարձի դեպքում հնարավոր հետապնդումների մասով, և Միգրացիայի ծառայության որոշումը հավանաբար կլինի ապրիլ ամսվա ընթացքում», - «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբանը:

Բելառուսի իրավապահները Նովիկովին մեղադրում են զինվորական ծառայությունից խուսափելու համար, հետախուզում էին հայտարարել, իսկ հայաստանցի իրավապահները նրան ձերբակալել էին հայ-վրացական սահմանին։ Բանտում Միգրացիոնի աշխատակիցներին պատմել է, որ դեռ 2020-ին մասնակցել է Ալեքսանդր Լուկաշենկոյի վիճահարույց վերընտրությունից հետո սկսված պայքարին, ինչից հետո տեղափոխվել էր Վրաստան՝ մնալու ժամկետը լրացել էր, դրա համար էր որոշել գալ Հայաստան։ Վախ ունի, որ եթե վերադառնա հայրենիք, կենթարկվի քաղաքական հետապնդման։

«Նա նաև ներկայացրեց, որ հետապնդումները չեն սահմանափակվում միայն իրենով կամ այլ երիտասարդներով՝ իր ընտանիք են այցելել մի քանի անգամ, ծնողներին են անհանգստացրել իրավապահները, մի քանի օր առաջ ևս նման դեպք է տեղի ունեցել», - ասաց Պապիկյանը:

Փաստաբանը նույնպես Միգրացիոնի աշխատակիցներին պատմել է, որ Նովիկովի գործը քաղաքական հետապնդման վառ օրինակ է, բելառուսցի քննիչն արդեն նույնիսկ ընտրել է այն բանտը, ուր պատրաստվում են երիտասարդին տեղափոխել, եթե Հայաստանի դատախազությունը որոշի արտահանձնել նրան։ Հայաստանի գլխավոր դատախազությունն, ի դեպ, Մինսկից ստացած դիմումն արդեն քննարկում է։

«Բելառուսի թիվ 8 բանտը, որտեղ քննիչի որոշմամբ պետք է պահվի Նովիկովը կալանքի ընթացքում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ընդունած բանաձևով նշված է, որ այնտեղ անմարդկային պայմաններ են, քաղբանտարկյալները հետապնդումների են ենթարկվում, խոշտանգվում են, նվազագույն պայմաններ չկան, չեն ապահովում պաշտպանի մասնակցությունը: Այդ բանտի մասին շատ շատ վատ զեկույց կա միջազգային: Եվ Նովիկովը, արդեն քննիչը որոշել է, որ պետք է գտնվի այդ բանտում», - ասաց Արայիկ Պապիկյանը:

Միգրացիոն ծառայության խոսնակ Նելլի Դավթյանի խոսքով, օրենքով եռամսյա ժամկետում են որոշում՝ բավարարել դիմումը, թե՝ ոչ։ Եթե որոշում են մերժել, ապա ապաստան հայցողը կարող է այն բողոքարկել դատարաններում:

«Ըստ այդմ կայացվում է որոշում: Այն կարող է լինել դրական, որի պարագայում անձը ճանաչվում է փախստական և անժամկետ օրինական հիմունքներով Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք է ձեռք բերում: Կարող է լինել բացասական, ինչը նշանակում է, որ անձը ունի երկու տարբերակ՝ լքել երկիրը սեփական կամքով կամ բողոքարկել կայացված որոշումը: Բողոքարկման պայմաններում բոլոր երեք վարչական ատյաններով լիազոր մարմնի կայացրած որոշումը ենթակա է քննման, վերջնական բացասական որոշումից հետո կրկին գալիս է նույն սցենարը, կա՛մ անձը լքում է երկիրը, կա՛մ ենթակա է արտաքսման», - «Ազատությանը» ասաց Միգրացիոն ծառայության խոսնակը:

Այլ մանրամասներ այս գործով Դավթյանը չփոխանցեց՝ գաղտնի տեղեկություններ են։

Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ այս պահին հայաստանյան բանտերում Բելառուսի երեք քաղաքացի է պահվում, նրանցից երկուսն են քաղաքական ապաստան հայցում։ Նովիկովի պես հայաստանյան բանտում է հայտնվել նաև 24-ամյա Մաքսիմ Վաիտկիավիչուսը, ով հայտնել է, որ մասնակցել է ընդդիմության 2020 թվականի հանրահավաքներին, հետո ճնշումների պատճառով փախել է երկրից։ Վաիտկիավիչուսը ևս բանտում սպասում է հայաստանյան ատյանների որոշումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG