Մատչելիության հղումներ

Չնայած մասնագետները պնդում են, թե առաջարկվող ծառերը երևանյան փողոցների համար չեն, քաղաքապետարանը հետքայլ չի անի


Քաղաքապետարանը հետքայլ չի անի՝ հին ծառերը շուտով կկտրեն ու նորերը կտնկեն. մինչ մասնագետները պնդում են, թե առաջարկվող ծառերը երևանյան փողոցների համար չեն, պատասխանատուները հայտարարում են՝ ճիշտ քայլ են անում:

Մայրաքաղաքի տարբեր մասերում նախորդ դարի կեսերից ապրող հարյուրավոր թեղիներ են փոխարինվելու, սրանք, քաղաքային իշխանությունների պնդմամբ, հիվանդ են ու օգուտ չեն տալիս։ Մի քանի փողոցի անուն են տվել՝ Թումանյան, Ալեք Մանուկյան, Մելիք Ադամյան...

Մանրամասներն այսօր կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ներկայացրեց. - «Էդ ամեն ինչը մասնագետները հաշվի են առել, էդ ծառերը եթե չեմ սխալվում մինչև -25 աստիճան քաղաքային պայմաններում իրենց լավ են զգալու ու որ ամենակարոևն է, որևիցե ծառ չկա, որի օրինակը չունենանք, որ Երևան քաղաքում արդեն առնվազն 10 տարի աճել է»:

Փողոցներից մեկում, օրինակ, բարձրահասակ թեղիներին առավելագույնը 10 մետրանոց հուրունավոր կելրեյթերիաներ կփոխարինեն, սրանք շատ ջերմություն չեն սիրում, +35-ից այնկողմ նեղվում են:

Հուդայածառերն ու լենքորանյան ալբիցիաներն էլ սաստիկ շոգը չեն սիրում՝ տարբեր գնահատականներով այս ծառերի համար իդեալականը 18-ից 27 աստիճան է։ Ըստ բուսաբանական հանրագիտարանների, +35-ից բարձր տաքությունից կարող են վնասվել։ Նաև շատ ջրի կարիք ունեն, մանավանդ երիտասարդ ծառերը նուրբ խնամք են ուզում։ Անցած ամռանը Երևանում ընդհուպ 41 աստիճան գրանցվեց:

Կհարմարվե՞ն նոր ծառերը երևանյան եղանակին. ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, էկոլոգ Քրիստինա Վարդանյանի կարծիքով՝ ռիսկը շատ բարձր է:

Երևանի տարբեր հատվածներում այս տեսակներից հիմա էլ աճում են. մի հուդայածառ էլ տասը տարի առաջ ինքն է տնկել՝ Բժշկականի բակում. փոշոտ փողոցը ամբողջովին այլ պատմություն է, շեշտում է Վարդանյանը:

Փաստարկները քաղաքային իշխանություններին չեն համոզում՝ պրոֆեսորների թիմ է աշխատել, հենց նրանք են այդ ծառերը խորհուրդ տվել. ասում է Կանաչապատման հիմնարկի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Ի դեպ, Բեգոյանը շաբաթներ առաջ խոստովանեց՝ իրենց իրականացրած մի ծրագիր չի աշխատել. անցած տարի Մաշտոցի պողոտայում ծաղիկներ էին տնկել, հետո հասկացան՝ փոշոտ փողոցը դրանց տեղը չէ։ Նոր ծառերի դեպքում պատմությունը չի՞ կրկնվի։ Հիմնարկի տնօրենը գերվստահ է՝ խնդիր չի լինի։

XS
SM
MD
LG