Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է անպատիժ մնում էթնիկ զտում, օկուպացիա կատարած Ադրբեջանը. բրիտանացի պատգամավորներ


Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նիստ, արխիվ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նիստ, արխիվ

Ինչո՞ւ Ուկրաինայի դեպքում ինքնորոշումը ճիշտ է, իսկ այլ դեպքերում ընդունելի կործանումը․ ինչո՞ւ բռնապետական Ռուսաստանի դեմ պայքարող Ուկրաինային օգնում ենք, իսկ բռնապետ Ալիևի ռազմական հարձակման զոհերին՝ անտեսում, ինչո՞ւ Պուտինի ներխուժումն Ուկրաինա կոշտ արձագանքի, պատժամիջոցների է արժանանում, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան, Հայաստանի տարածքներն «Արևմտյան Ադրբեջան» հռչակելը՝ անուշադրության մատնվում։ Ինչո՞ւ է անպատիժ մնում էթնիկ զտում իրականացրած երկիրը։ Մեծ Բրիտանիայի պատգամավորներն են այս հարցերն ուղղում պաշտոնական Լոնդոնին:

«Ուկրաինայի վերաբերյալ մենք ասում ենք, որ ինքնորոշումը ճիշտ է, իսկ կործանումը սխալ է, ուրեմն ինչո՞ւ չենք կարող այստեղ հետևողականորեն կիրառել նույն սկզբունքները», - հայտարարեց Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ռուփա Հաքը:

«Ուղղակի հրաժարում Մեծ Բրիտանիայի կառավարության բարոյական և էթիկական պարտականություններից»

Պատգամավոր Քարոլ Մոնագանն այդ հարցի սեփական պատասխանը հնչեցրեց՝ հիշեցնելով, որ նավթային ոլորտում Բաքվի հետ փոխշահավետ համագործակցությունից բացի, Միացյալ Թագավորության իշխանություններն այժմ էլ խրախուսում են բրիտանացի գործարարներին՝ բաց չթողնել հնարավորությունը և մասնակցել հայաթափված Լեռնային Ղարաբաղում Ալիևի վարչակազմի շինարարական նախագծերին. - «Սա ուղղակի հրաժարում է Մեծ Բրիտանիայի կառավարության բարոյական և էթիկական պարտականություններից: Դա նույնպես կեղծավորություն է։ Ինչպե՞ս կարող է Մեծ Բրիտանիայի կառավարությունը դատապարտել սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի «ուժի անընդունելի կիրառումը», իսկ հետո վեց շաբաթ անց խրախուսել բրիտանական առևտրային ներգրավվածությունը տարածաշրջանում»:

Այս նույն դահլիճում անցած տարի էլ քննարկվում էր Արցախի շրջափակումը, սովի վտանգի բախված, հիմնարար իրավունքներից զրկված հարյուր հազար մարդկանց օգնելու ուղիները։ Դրան հաջորդած պաշտոնական Լոնդոնի բանավոր հայտարարությունները ևս Բաքուն անտեսեց։ Թագավորության խորհրդարանի պատգամավորները հիմա էլ Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանություն և աջակցություն են պահանջում՝ պնդելով, որ միջազգային օգնությունը բավարար չէ:

Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվեն Դոութին հայտարարեց՝ Մեծ Բրիտանիան չի կարող թույլ տալ, որ հայ փախստականները միայնակ մնան 2024 թվականի մարտահրավերների դիմաց՝ առանց համապատասխան աջակցության և առանց իրենց կյանքը վերականգնելու հստակ միջոցների։

«Հայաստանն այժմ բախվում է փախստականների լայնածավալ ճգնաժամին: Երկրում յուրաքանչյուր 30 մարդուց մեկը փախստական է։ Այդ փախստականների կեսից ավելին կանայք և աղջիկներ են, գրեթե մեկ երրորդը երեխաներ են, և գրեթե մեկ հինգերորդը՝ տարեցներ: Նրանց ամբողջ կյանքը արմատախիլ է արվել», - ընդգծեց Դոութին:

«Ինչպես աջակցել ենք Ուկրաինային իր հավակնությունների մեջ, այնպես էլ պետք է աջակցենք Հայաստանին»

Պատգամավոր Ջոն Ուիթինգդեյլը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության հարցում վերջին շրջանի որոշումներին անդրադարձավ՝ հիշեցնելով, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում և շարժվում է դեպի Եվրամիություն. արդյոք Հայաստանն է՞լ կստանա այն նույն աջակցությունը, ինչը ստացել է Ուկրաինան այդ ճանապարհին:

«Հայաստանն Արևմուտքին մերձեցնելու նրա [պաշտոնական Երևանի] հավակնությունն ինչ-որ առումով չի տարբերվում 10 տարի առաջ Ուկրաինայում ընդունված որոշումներից, երբ նա նույնպես որոշեց, որ իր ճակատագիրը ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի և ԵՄ-ի հետ է: Ինչպես մենք աջակցել ենք Ուկրաինային իր հավակնությունների մեջ, այնպես էլ պետք է աջակցենք Հայաստանին դրանում», - հայտարարել է Ուիթինգդեյլը:

Լոնդոնը պատրաստվո՞ւմ է գնահատական տալ Բաքվի իրականացրած էթնիկ զտմանը

Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Թիմ Լոութընը, շեշտելով, որ Լոնդոնն ու Բաքուն տասնամյակների կարևոր տնտեսական կապեր ունեն, ասաց՝ Մեծ Բրիտանիան նաև մարդասիրական պարտականություններ ունի և երկարամյա հարաբերություններ Հայաստանի, հայերի հետ: Հետևաբար՝ Լոնդոնը պատրաստվո՞ւմ է գնահատական տալ Բաքվի իրականացրած էթնիկ զտմանը, և եթե այո, ապա որո՞նք են դրա հետևանքները:

«Անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղում՝ անխնա վերագրավելով տարածքները և հայերին դուրս մղելով այն տներից, որտեղ նրանք ապրել են սերունդներով: Ադրբեջանը փորձում է ջնջել մի ժողովրդի անունը, մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը, որն ապրել է այդ տարածքում դարեր շարունակ», - ասել է Լոութընը:

Մինչ Թագավորության դիվանագիտական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան կպատասխաներ պատգամավորների հարցերին, գործընկերներին որոշեց հակադարձել պատգամավոր Դեյվիդ Դուգիդը, ով իր ելույթի առաջին վայրկյաններին հայտարարեց՝ իր կինն ադրբեջանցի է։ Բրիտանացի պատգամավորն Ալիևի հայտարարությունը մեջբերեց, թե Ղարաբաղում որևէ էթնիկ զտում էլ չի եղել, մեղադրանքներն անհիմն են։ Որևէ բառ չասելով միջազգային կառույցների գնահատականների, ՄԱԿ-ի դատարանի վճիռների, Արցախի ժողովրդի տեղահանմանը նախորդած շրջափակման, լայնածավալ հարձակման, հայերի հասցեին Բաքվի ռազմատենչ հայտարարությունների մասին, ընդամենը պնդեց՝ Ղարաբաղում ապրող մարդկանց փախուստի ցանկությունը պայմանավորված էր Ադրբեջանի հասցեին քարոզչությամբ․ - «Հաշվի առնելով որոշ քարոզչությունը և վախը, որը կարող էր տեղի ունենալ Ադրբեջանի իշխանությունների մտադրությունների վերաբերյալ»։

Քննարկմանը ներկա պետնախարար Լեո Դոքերթին հնչած հարցերին ու քննադատությանն ուղիղ չարձագանքեց՝ սահմանափակվելով միայն պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը հնչեցնելով․ ասաց՝ Միացյալ Թագավորությունը հանդես է գալիս որպես խաղաղության գործընկեր, խրախուսում է հաշտեցման գործընթացի շուրջ հայ - ադրբեջանական բանակցությունները, կանգնած է հակամարտության հետևանքով տուժածների կողքին: Ֆինանսական աջակցության կոչերին Դոքերթին արձագանքեց, որ բրիտանական կառավարությունը 1,5 միլիոն ֆունտ ստերլինգ է ներդրել տարածաշրջանում ականազերծման գործողությունների համար: Ինչ վերաբերում է հայ փախստականներին, պետնախարարն ասաց՝ Մեծ Բրիտանիան նրանց բժշկական աջակցություն է ցուցաբերել։

«Եզրափակելով՝ ես կրկնում եմ, որ մենք կանգնած ենք այս հակամարտությունից տուժածների կողքին: Մենք կշարունակենք հումանիտար աջակցություն ցուցաբերել և եռանդուն կերպով կառաջարկենք մեր դիվանագիտական աջակցությունը։ Հուսով ենք, որ շատ անհանգիստ տարիներից հետո Հարավային Կովկասում խաղաղության իրական, իմաստալից և կայուն հնարավորություն կա»,- հայտարարեց Դոքերթին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG