Մատչելիության հղումներ

«ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակում են իրենց անշեղ ընթացքը»․Փաշինյանը շնորհավորել է Իրանի ղեկավարներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով:

Խամենեիին ուղղված ուղերձում Փաշինյանn արձանագրել է՝ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են իրենց անշեղ ընթացքը՝ փոխադարձ հարգանքի ու շահերի համադրման մթնոլորտում։

Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում կողմերը կհասնեն փոխգործակցության նոր հորիզոնների՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության:

Իրանի նախագահին ուղղված ուղերձում էլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդն առանձնահատուկ կերպով են կարևորում փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված Հայաստան-Իրան հարաբերությունները։

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամենակարճ ժամանակահատվածում նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգին, և կկենսագործվեն ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող բազում ծրագրեր», - ասել է վարչապետը։

Իրանական կողմը բազմիցս է խոսել «տարածաշրջանում խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին» և ընդգծել Իրանի դերը որպես «հաստատուն գործընկեր խաղաղության և անվտանգության գործում»։ Թեհրանը նաև մեկ անգամ չէ որ խոսել է իր համար գոյություն ունեցող «կարմիր գծի»՝ տարածաշրջանի երկրների՝ ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG