Մատչելիության հղումներ

Ալիևը Նովրուզի կրակը վառեց Ստեփանակերտում, վերանվանեց Վերածննդի հրապարակը


Ադրբեջանի նախագահը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 15-ը հոկտեմբերի, 2023թ.
Ադրբեջանի նախագահը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 15-ը հոկտեմբերի, 2023թ.

Ադրբեջանի նախագահն այսօր կրկին Ստեփանակերտ է մեկնել, այս անգամ՝ գարնան գալուստը խորհրդանշող Նովրուզի կրակը վառելու։

Սեպտեմբերյան հարձակումից հետո ամայի ու դատարկված քաղաքի հրապարակում, մեն-մենակ կանգնած՝ Ալիևը նորից խոսել է պատերազմներից, գովաբանել ինքն իրեն ու անգամ «միջազգային իրավունքի հաղթանակ» որակել Ղարաբաղի դեմ վերջին հարձակումը, որ Արևմուտքում շատերն են համեմատում էթնիկ զտումների հետ:

«Վեց ամիս առաջ տեղի ունեցած և հաջողությամբ ավարտված հակաահաբեկչական գործողությունը միջազգային իրավունքի հաղթանակն էր, նաև՝ ադրբեջանցի ժողովրդի աննկուն կամքի։ Մենք կրկին ցույց տվեցինք, որ մեր ճանապարհից ետ չենք կանգնի, նույնիսկ եթե Հայաստանի մեջքին ինչ-որ ուժեր լինեն: Եթե ինքնակամ չեն ազատում մեր տարածքները, միակ հնարավոր տարբերակը մնում է պատերազմը», - հայտարարել է Ալիևը, ով արևմտյան դիվանագետների ու պաշտոնյաների հետ հանդիպումներում խոսում է խաղաղության հնարավորությունից, իսկ ներքին լսարանի առջև ելույթներում՝ բանակի հզորությունից:

«Ռազմական հզորության ամրապնդումը մեր գերխնդիրն է, մեր բանակի ու զինված ուժերի մարտունակությունն էապես բարձրացել է, տեխնիկական հագեցվածության խնդիրը լուծվել է ամենաբարձր մակարդակով, ինչը ակնհայտ դարձավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ու հակաահաբեկչական գործողության ժամանակ», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ամիսներ առաջ՝ սեպտեմբերյան հարձակումից հետո Ադրբեջանը վերաինտեգրման ծրագիր էր հրապարակել ու խոստացել արցախահայերին պաշտպանել նրանց իրավունքները։ Այս ընթացքում, սակայն, ըստ հաղորդումների՝ ադրբեջանական իշխանությունները Ղարաբաղում մի շարք մշակութային հուշարձաններ են վնասել, տեղի բնակչության կողմից ընտրված Ազգային ժողովի շենքը քանդել։ Այսօր էլ Ալիևը հայտարարեց, թե սեփական որոշմամբ փոխում է Ստեփանակերտի գլխավոր՝ Վերածննդի հրապարակի անունը։ «Այսուհետ այն կկոչվի հաղթանակի հրապարակ», - ասաց Ադրբեջանի նախագահը, չհստակեցնելով՝ ինչի և ում հաղթանակը պիտի տոնեն արցախահայերը, եթե երբևէ որոշեն հայրենիք վերադառնալ։

Ալիևի ելույթում, ի դեպ, հայերի վերադարձի մասին որևէ ակնարկ չկար. - «Մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունը և հավերժ կապրեք այս հողերում։ Երկար տարիներ այս հրապարակը և այս շենքը անջատողականների որջն էր, որոնք ֆինանսավորվում ու զինվում էին Հայաստանի կողմից։ Այսօր մենք ենք կանգնած այս հրապարակում, և այսուհետ այն կկոչվի հաղթանակի հրապարակ»:

Ավելին, Ալիևն օգտագործել է առիթը՝ պնդելու, թե ոչ միայն Ստեփանակերտը, կամ՝ Խանքենդին, ինչպես ադրբեջանցիներն են ասում, այլև Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքները պատմականորեն եղել են ադրբեջանական, կառուցվել ադրբեջանցի ճարտարապետների կողմից և միայն Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո հայտնվել հայկական վերահսկողության տակ։

«Մենք ցույց ենք տվել մեր ուժը, և այսուհետ բոլորը պետք է մեզ հետ հաշվի նստեն, հակառակ դեպքում կզղջան դրա համար», - ասել է Ալիևը:

Նույն պահին Բայրամովը Բաքվում Բոնոյի հետ էր հանդիպում

Ի դեպ, ճիշտ այն րոպեներին, երբ Ադրբեջանի նախագահը Ստեփանակերտի հրապարակում վերանվանումներ էր անում ու սպառնալիքներ հնչեցնում, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպում էր Միացյալ Նահանգների՝ կովկասյան բանակցությունների հարցերով բանագնաց Լուիս Բոնոյի հետ։

Ամերիկացի դիվանագետն առաջին անգամ է այցելում Բաքու անցած տարեվերջից, երբ Ադրբեջանի նախագահը քննադատեց փոխպետքարտուղար Օ'Բրայանի հայամետ հայտարարություններն ու հրաժարվեց շարունակել հայկական կողմի հետ բանակցությունները ամերիկյան հարթակներում։ Այս ընթացքում, մինչ Ալիևը դեմարշ էր անում, ամերիկացի դիվանագետն այցելում էր Երևան՝ առանց Բաքու մեկնելու։

Այսօր, եռամսյա ընդմիջումից հետո առաջին անգամ հանդիպելով ամերիկացի միջնորդին, Ադրբեջանի արտգործնախարարը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ներկայացրել է Ադրբեջանի ակնկալիքներն ու դիրքորոշումը առայժմ չլուծված հարցերի վերաբերյալ։ Թե որոնք են դրանք՝ պաշտոնական Բաքուն չի հստակեցնում, հայկական կողմը, սակայն, պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանը չի համաձայնում խաղաղության պայմանագրում հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին, կամ որևէ թվականի քարտեզ նշել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG