Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանի երեկ ձերբակալված պաշտոնյան կալանավորվեց


Երևանի քաղաքապետարանի երեկ ձերբակալված պաշտոնյան երկու ամսով կալանավորվեց, «Ազատության»-ը փոխանցեց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Մերի Գևորգյանը։

Ըստ խոսնակի՝ դատարանն այսօր բավարարել է պաշտոնյային և ևս երկու հոգու կալանավորելու քննիչի միջնորդությունը:

Երեկ հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու համար Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։ Թե ով, իրավապահներն առայժմ չեն հայտնում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ ընդհանուր 5 ձերբակալված անձ կա։

Մերի Գևորգյանն այսօր «Ազատության»-ը ասաց, որ մեղադրյալներն են Քնարիկ Պետրոսյանը, Արթուր Կչրյանը և Շահեն Պետրոսյանը։

Քնարիկ Պետրոսյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման 2-րդ բաժնի գլխավոր մասնագետն է, Շահեն Պետրոսյանը եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի նախկին գլխավոր մասնագետն, այժմ աշխատում է «Արխիթուլս» ընկերությունում որպես ճարտարապետ, իսկ Արթուր Կչրյանը մեղադրվում է հենց կաշառք տալու համար։

Երեկ օրվա առաջին կեսին իրավապահները Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում խուզարկություն էին իրականացրել, FactorTV-ն արձանագրել էր, որ շենքից դուրս գալիս քննիչների ձեռքին փաթեթավորված իրեր կային: Պարզ չէր, թե ինչ էին տանում։

Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունն այժմ պետ չունի, մեկ տարի առաջ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Մուրադյանը։ Այն ժամանակ դեռ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում էր՝ սա, երևի թե, քաղաքապետարանի ամենածանրաբեռնված վարչությունն է. - «Շատ դեպքերում մենք ունենք խնդիրներ ժամկետանց գրությունների հետ կապված, և ժամանակ կար, որ այդ վարչությունը մենք կոչում էինք «սև խոռոչ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG