Մատչելիության հղումներ

Պուտինն ընտրություններին մասնակցելն անվանել է հայրենասիրական զգացմունքների դրսևորում


ՌԴ նախագահը, արխիվ
ՌԴ նախագահը, արխիվ

Նախագահական ընտրություններին արդեն հինգերորդ անգամ մասնակցող Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան հեռուստաուղերձով կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը։ Ընդ որում, երկու տարի առաջ հարևան պետության դեմ լայնածավալ պատերազմ սկսած ավտորիտար առաջնորդը խոսել է ժողովրդավարությունից։

«Միայն դո՛ւք՝ Ռուսաստանի քաղաքացիներն են որոշում հայրենիքի ճակատագիրը: Դուք ոչ թե պարզապես ձեր ձայնն եք տալու, այլև հաստատապես հայտարարելու եք ձեր կամքն ու ձգտումները, ձեր անձնական ներգրավվածությունը Ռուսաստանի հետագա զարգացման գործում», - ասել է նա։

Պուտինն ընտրություններին մասնակցելն անվանել է հայրենասիրական զգացմունքների դրսևորում և օրինակ բերել «Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչներին, ովքեր ամենադժվար պայմաններում հանրաքվեներում քվեարկել են հանուն Ռուսաստանի հետ միասնության և այս օրերին նույնպես կանեն իրենց ընտրությունը»։

Ռուսաստանի նախագահը երբեք չի մասնակցել հեռուստաբանավեճերին, գերադասել է նման ուղերձները, դաշնային հեռուստաընկերություններին տված հարցազրույցները։ Նախօրեին Կրեմլի պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում, մասնավորապես, կրկին ասել էր, թե Ռուսատսանը տեխնիկապես պատրաստ է միջուկային ձեռք կիրառել, եթե լինի դրա անհրաժեշտությունը, և որ «հատուկ ռազմական օպերացիան» Ուկրաինայում շարունակվելու է։

Սրանք այն հիմնական կարգախոսներն են, որոնց 71-ամյա Պուտինը գնում է հերթական ընտրությունների։ Ընդ որում՝ փորձագետները ոչ մի ինտրիգ չեն տեսնում արդյունքների հարցում, կանխատեսում են, որ Պուտինը հաղթելու է։ Նրա մրցակիցները Պետդումայում ներկայացված իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչներ են, որոնք նույնպես հայտարարում են, թե աջացում են Պուտինի սկսած պատերազմին։ Պատերազմին դեմ արտահայտվող միակ թեկնածուին՝ Բորիս Նադեժդին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց։

Meduza-ի տվյալներով՝ Կրեմլը պատրաստվում է նախագահական ընտրություններում չափազանց բարձր մասնակցություն ցույց տալ՝ 70-80 տոկոս, իսկ Պուտինի օգտին քվեարկած ձայները պետք է լինեն 80 տոկոսից ավելին։ 2018-ին նա մոտ 77 տոկոս էր ստացել։

Ռուսաստանի նախագահի ամենակոշտ քննադատ Ալեքսեյ Նավալնիի մահը, ինչպես նշում են ռուսական անկախ լրատվամիջոցները, «բացասական գործոն» էր նախընտրական քարոզարշավի համար, բայց Կրեմլում վստահ են, որ դա էական ազդեցություն չի ունենա ընտրությունների արդյունքի վրա։

Ըստ Meduza-ի աղբյուրների՝ Կրեմլը նաև լուրջ խնդիր չի համարում ընդդիմության «Կեսօրն ընդդեմ Պուտինի» խորագրով հանրահավաքները, լայնածավալ բողոքի ակցիաներ չեն սպասում։

Կրեմլում համարում են, որ եթե նույնիսկ ռուսաստանցիները Նավալնիի այրու ու թիմակիցների կոչով մասնակցեն այդ ակցիային, դա նկատելի կլինի միայն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, մի քանի այլ մեծ քաղաքներում, բայց համատարած չի լինի։

Նախօրեին Washington Post-ը հրապարակել է Յուլիա Նավալնայայի սյունակը. հյուսիսային խիստ ռեժիմի գաղութում մահացած ընդդիմության առաջնորդի այրին գրում է, որ Պուտինի իշխանությունն անօրինական է։ Նավալնայան Պուտինին անվանում է «մարդասպան, գանգստեր և մաֆիոզ խմբի ղեկավար»։ Նա կոչ է անում ռուսներին մասնակցել «Կեսօրն ընդդեմ Պուտինի» բողոքի ակցիային, իսկ արևմտյան երկրներին՝ պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահի շրջապատի դեմ և չճանաչել Պուտինին՝ որպես պետության օրինական ղեկավար։

Նախագահական ընտրությունները մեկնարկում են վաղը և կտևեն երեք օր՝ մինչև մարտի 17-ը։ Ինչպես անցած տարիներին, այս տարի ևս ընտրությունները կլինեն նաև օնլայն տարբերակով։

XS
SM
MD
LG