Մատչելիության հղումներ

Մոսկվայում մահացել է Lukoil ռուսական նավթային ընկերության փոխնախագահը


Մոսկվայում մահացել է Lukoil ԲԲԸ ռուսական նավթային ընկերության փոխնախագահ Վիտալի Ռոբերտուսը: Պաշտոնական հաղորդագրություններում նրա մահվան պատճառը չի նշվում:

Մինչդեռ ոչ պաշտոնական տեղեկություններով, որոնք հրապարակվում են Տելեգրամ ալիքներում, Ռոբերտուսն անձնասպան է եղել իր աշխատավայրում: Նրա մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի Սրետենսկի բուլվար հասցեում գրտնվող Lukoil-ի գրասենյակում։ Նշվել է, որ Ռոբերտուսը մի քանի ժամ չի լքել աշխատասենյակը և չի պատասխանել հեռախոսազանգերին։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ընկերության ավագ նախագահ Օլեգ Պաշաևը ներս է մտել և հայտնաբերել Վիտալի Ռոբերտուսի դին՝ զուգարանում պարանից կախված։

Նշենք, որ ընկերությունը Ռոբերտուսի մահվան մասին տեղեկություն է տարածել մարտի 12-ին։ Ռոբերտուսը դարձել է Lukoil-ում վերջին երկու տարիների ընթացքում կյանքից անսպասելի հեռացած առնվազն երրորդ բարձրաստիճան պաշտոնյան: 2022 թվականի սեպտեմբերին մահացել է Lukoil-ի տնօրենների խորհրդի 67-ամյա ղեկավար Ռավիլ Մագանովը։ Ռուսական մամուլի փոխանցմամբ՝ նա դուրս է ընկել հիվանդանոցի պատուհանից: Ընկերությունը հայտնել է, թե Մագանովը «մահացել է ծանր հիվանդությունից հետո»։ Նրա պաշտոնը ստանձնած Վլադիմիր Նեկրասովը մահացել է 2023 թվականի հոկտեմբերին 66 տարեկան հասակում՝ սրտի կանգից:

Deutsche Welle-ն նշել է, որ 2022 թվականին «առեղծվածային հանգամանքներում մահացել են մի շարք մարդիկ ռուս միլիոնատերերի և վերնախավի շրջանում», ընդ որում նրանցից մի քանիսն աշխատել են նավթի և գազի արդյունաբերության ոլորտում: Lukoil-ի նախկին բարձրաստիճան մենեջեր Ալեքսանդր Սուբոտինի մարմինը հայտնաբերվել է 2022 թվականի մայիսի 8-ին Միտիշչիի առանձնատանը։ Նրա մահվան պատճառ է ներկայացվել սրտի անբավարարությունը։ «Նովայա գազետա. Եվրոպան» գրել է «Գազպրոմում» «առեղծվածային մահվան» մասին. 2022 թվականի վեց ամիսների ընթացքում Ռուսաստանում մահացել են «Գազպրոմի» չորս բարձրաստիճան մենեջերներ: Նրանք, ըստ պարբերականի, առնչություն են ունեցել բազմամիլիարդանոց ֆինանսական խարդախությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG