Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բերման է ենթարկել դաշնակցական Գագիկ Սարգսյանին


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր վաղ առավոտյան բերման է ենթարկել դաշնակցական Գագիկ Սարգսյանին, «Ազատությանը» փոխանցեց նրա որդին՝ Արամ Սարգսյանը:

«Առավոտյան 7-ի կողմերը ավտոմատներով մտել են մեր տուն, բոլորիս պառկացրել գետնին, այսինքն՝ վերաբերվել են այնպես, ինչպես կվարվեին ամենավտանգավոր հանցագործի հետ: Ինձ հարվածել են, գոռում էի, ասում, որ նախարարության աշխատակից եմ, լրագրող, բայց այդ պահին մեկը ոտքով հարվածեց դեմքիս, ասեց՝ «սուս մնա», մայրս էր շատ վախեցել», - «Ազատությանը» պատմեց Արամ Սարգսյանը:

Արամի պատմելով՝ իրեն և հորը ձեռնաշղթաներով տան առանձին սենյակներում են պահել, հետո հորը մոտ չորս ժամ հարցաքննելուց հետո առանց որևէ պարզաբանման բերման ենթարկել:

ԱԱԾ աշխատակիցները, ըստ Արամ Սարգսյանի, տան խուզարկությունից հետո առագրավել են իր անձնական օգտագործման նոութբուքը, հեռախոսի քարտ և մի քանի կրակած պարկուճ: «Վերջերս որ գնացել էինք Հոկտեմբերյանի հրաձգարան կրակելու՝ այնտեղից էի բերել, սիրունության համար», - հավելեց Արամը:

Քաղաքացին կարծում է, որ դաշնակցական հորը բերման են ենթարկել քաղաքական ակտիվ գործունեության պատճառով:

Ազգային անվտանգության ծառայությունը միջադեպի առնչությամբ ոչինչ չի հաղորդում: Արամ Սարգսյանի խոսքով՝ հայրն արդեն Քննչական կոմիտեում է: Նախաքննական մարմնից հրաժարվեցին մանրամասներ հայտնել, միայն ասացին՝ քիչ անց հաղորդագրություն կտարածեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG