Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԽ քարտուղարը Թբիլիսիում է, Կոբախիձեն ընդունել է Ուսուբովին, դեսպան Գուլիևին


Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը Թբիլիսիում երեկ հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ըստ Վրաստանի վարչապետի գրասենյակի՝ Կոբախիձեն և Ուսուբովը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանն ընդգծվել է տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության կարևորությունը։

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ «Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան աջակցելու համար»։ Մատնանշվել է նաև Վրաստանի աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Կոբախիձեն երեկ ընդունել է նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևին։ Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և սերտ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման կարևորությունը, փոխանցում է վրացական կողմը։

Ուշադրություն է դարձվել նաև երկրների միջև տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ գործընկերության զարգացման հեռանկարներին, քննարկվել կարևոր ռազմավարական ծրագրեր։

Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային իրադրությանը՝ ընդգծելով խաղաղության կարևորությունը։

Կոբախիձեն երեկ հանդիպել էր նաև Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին։ Հանդիպմանը ևս ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։

Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ չնայած տարածաշրջանի բարդ իրավիճակին, Վրաստանը պաշտպանում և իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ձեռքբերմանը։

Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին էր նշել, որ Վրաստանը բազմիցս նպաստել է Ադրբեջանի և Հայաստանի միջև արդյունավետ հաղորդակցությանը՝ գործարկելով «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը։

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այդ ուղղությամբ՝ մեր հարևան երկրների կարիքներին համապատասխան», - ասել էր Դարչիաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG