Մատչելիության հղումներ

Հողի վաճառք «սխեմայով», ապօրինի շինարարություն Էջմիածնում. քաղաքապետը հարցաքննվել է Հակակոռուպցիոնում


Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան, արխիվ
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան, արխիվ

Էջմիածնի 1.2 հեկտար մակերեսով տարածքը պատկանում է Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետի սկեսրոջը, արդյո՞ք սա հովանավորչության դրսևորում չէ, ու արդյո՞ք քաղաքի սեփականության վաճառքն ընտանիքի անդամին օրինական ճանապարհով է եղել, այս հարցերը սկսել են քննել իրավապահները։ Դեռ շատ բան պարզ չէ, բայց հաստատ է, որ քաղաքապետ Դիանա Գասպարյանը հարցաքննվել է։

Էջմիածնի Տերյան փողոցի վրա վեր խոյացող առանձնատների շինարարությունը լայն թափով է ընթանում։

«Համայնքի ղեկավարը, լինելով այդ ամեն ինչի վերահսկողը, այսպես ասած, ինքը աչք է փակել իր ընտանիքի ապօրինի շինարարության վրա», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց հետաքննող լրագրող Գրիշա Բալասանյանը:

Քաղաքապետն այժմ գտնվում է ֆիզարձակուրդում և իր խոսնակի միջոցով «Ազատությանը» միայն փոխանցեց, որ ամեն ինչ օրինական է եղել, իսկ ինքն էլ հարցաքննվել է այլ դրվագով։ Գասպարյանը, սակայն, չի ասում, թե ինչ այլ դրվագի համար է որպես վկա կանչվել Հակակոռուպցիոն կոմիտե։

«Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել»՝ «Հետք»-ը դեռ դեկտեմբերին էր այս վերնագրով հրապարակում արել։ Գրիշա Բալասանյանը բացահայտել էր, որ Գասպարյանի ամուսինը՝ ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արամայիս Միրզոյանն ու նրա ծնողները առանց թույլտվության են սկսել շինարարությունը և միայն տարածքի վերաբերյալ «Հետք»-ի գրավոր հարցումներից հետո են ստացել անհրաժեշտ փաստաթղթերը։

«Ի սկզբանե մտածված՝ հողը օտարվել է Դիանա Գասպարյանի սկեսրայրին: Մրցակցության բացակայություն, անձը, ով գնել է հողատարածքը, և նրա հետ փոխկապակցվածությունը, այսինքն՝ Գասպարյանի ամուսնու հետ, ընտանիքի հետ կապը», - նշեց Բալասանյանը:

Հողատարածքն աճուրդով օտարվել է կադաստրային արժեքի 200 տոկոսի չափով, և սա այն դեպքում, երբ, ըստ հետաքննող լրագրողի, Էջմիածնում այդ գինը 2.5 անգամ բարձր է։ Ավելին՝ կողքի 2 հազար քառակուսի մետր մակերեսով հողակտորն էլ վաճառվել է ուղիղ՝ առանց աճուրդի։ Սկզբում համայնքային հողը ավագանին դարձրել է վաճառքի ենթակա, ընդ որում՝ որոշմանը կողմ են քվեարկել քաղաքապետը, քաղաքապետի ամուսինը, հետո հողատարածքը աճուրդով վաճառվել է քաղաքապետի սկեսրայրի մտերիմին, այդ մտերիմն էլ այն վաճառել է մեկ ուրիշի, վերջինս էլ՝ Գասպարյանի սկեսրոջը։

«Դիտավորյալ Դիանա Գասպարյանի սկեսուրը կամ ընտանիքի անդամը չի գնել աճուրդով, որպեսզի ուղիղ չերևա իրենց անձը, և միջնորդավորված գնել են, բայց մի բան հաշվի չէին առել, որ գնորդը, որը այդ հողը կադաստրային արժեքի 200 տոկոսի չափով գնել է, ինքը ավագանու անդամ է և ներկայացնում է հայտարարագիր», - ասաց հետաքննող լրագրողը:

Գրիշա Բալասանյանի այս բացահայտումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ հարուցեց երկու հոդվածներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով։ Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Հենց այս գործի շրջանակում էլ քաղաքապետը հարցաքննվել է։

«Այստեղ ամենամեծ խնդիրը հենց իր պաշտոնական դիրքը օգտագործելն է ընտանիքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, որովհետև, վստահ եմ, եթե այլ անձ ցանկանար այդ հողատարածքը գներ, նույն արժեքով չէր գնի՝ ավելի թանկ արժեքով կգներ և, բացի այդ, չէր ունենա այն արտոնությունը, ոնց ունի հիմա, օրինակ, իր ընտանիքը», - ընդգծեց Բալասանյանը:

Գասպարյանի սկեսրոջ անվամբ գործող «Նարե Պլյուս» ընկերությունն անցած տարվա հուլիսին է ստեղծվել և գործում է նույն այն հասցեում, որտեղ բնակվում են ընտանիքով։ Ռուզաննա Ասատրյանը չցանկացավ «Ազատությանը» հարցազրույց տալ, բայց հեռախոսով պնդեց՝ ամեն ինչ օրինական է և նորմալ։

«Ազատության» հարցին՝ «այդ դեպքում, ինչո՞ւ են քրեական գործ հարուցել», Ասատրյանն արձագանքեց. - «Չգիտենք»: Հարցին էլ՝ «Դուք դա կոռուպցիա չե՞ք համարում, որ Ձեր հարսն է քաղաքի քաղաքապետը ու Ձեզ հողատարածք է վաճառել», պատասխանեց. - «Դա ի՞նչ կապ ունի, դա ի՞նչ կապ ունի, դրանք, ընդհանրապես իրար հետ, ընդհանրապես կապ չկա»:

Էջմիածնում գրեթե նույն վիճակն է, ինչ հեղափոխությունից առաջ էր, ասում է հետաքննող լրագրողը. - «Հողատարածքների աճուրդները, կարելի է ասել, հսկվում են, պատահական մարդիկ այդ հողատարածքները չեն գնում, և այնպես է ստացվում, որ մերձավոր կուսակցական, բարեկամական կապերի մեջ են այդ հողատարածքները բաժանվում»:

Էջմիածնի ավագանու ընդդիմադիր «Հայրենատէր» խմբակցության անդամ Ջիվան Աբրահամյանը սա սխալ կառավարման հետևանք է համարում։

«Փոքր բաներով տեսան որ մարդիկ խնդիր չի առաջանում՝ մեծը վերցրեցին, ու հենց Միրզոյան Արամի և Դիանա Գասպարյանի կապի մասին տարիներով է խոսվել, որ լինելու է այսպիսի հետևանք: Ու այս ամեն ինչի պատասխանատուն ոչ թե Դիանա Գասպարյանն է, կամ Էջմիածնի ՔՊ ֆրանկցիայի անդամների, այլ՝ ամբողջ «Քաղաքացիական պայմանագրի» պատասխանատվությունն է», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Աբրահամյանը:

Ջիվան Աբրահամյանը բոյկոտել է ավագանու նիստերը, ասում է՝ չի ուզում իր ստորագրությամբ վավերացնել ապօրինությունները։ Պնդում է՝ մեղավորը հենց իշխող ուժն է, որն էլ իր անդամներին թույլ է տալիս համայնքը ճիշտ կառավարելու փոխարեն նման քայլերի գնալ։

«Նույն այդ սմարթ կանգառները, որ պոպուլիստական բերեցին դրեցին ասեցին՝ «գիտե՞ք ինչ կա, սմարթ կանգառներ ենք տեղադրում, որպեսզի հանրությանը հարմար լինի», հիմա վերածվեցին առևտրային կետերի», - նշեց Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամը:

Այս գործարքը բացահայտած հետաքննող լրագրողը ևս մի հարց է բարձացնում՝ Դիանա Գասպարյանը սկեսուր-սկեսրայրին այդպես էլ չի տուգանել առանց թույլտվության շինարարություն սկսելու համար, ինչու՝ քաղաքապետն առայժմ լուռ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG