Մատչելիության հղումներ

«Մարուքյանը երեք տարի հետո՞ հասկացավ, որ խնդիրներ կան». իշխանական պատգամավոր


Էդմոն Մարուքյան, արխիվ
Էդմոն Մարուքյան, արխիվ

«Մեծ հաշվով չես կիսում էն, ինչ որ պետք է հիմա իրականացվի կամ իրականացվում է, բայց դու շարունակում ես լինել այդտեղ՝ արդյո՞ք դա բարոյական է». - Էդմոն Մարուքյանը բարոյական չի համարում իր՝ Փաշինյանի գլխավորած Կառավարությունում աշխատանքը շարունակելը, քանի որ Կառավարության արտաքին դիվանագիտության հետ համաձայն չէ։

«Եվ իմ առաջարկը եղել է հետևյալը, որ մենք պետք է վերանայենք ամբողջությամբ մեր մոտեցումները բանակցային գործընթացի վերաբերյալ», - հայտարարեց Մարուքյանը:

Հրաժարականից տասն օր անց հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը պատմեց պաշտոնը թողնելու պատճառների մասին։

«Իմ բանակցային ստրատեգիան տոտալ այլ է, և բարոյական չէր լինի իմ կողմից, չկիսելով հետ կարմիր գծերի փլուզման ժամանակաշրջանում ձևավորված մոտեցումները, շարունակել մնալ այդ պաշտոնում», - ասաց նա:

Մարուքյանն իշխանությանը մեղադրում է արտաքին ճակատում Հայաստանի կարմիր գծերը խախտելու, միակողմանի զիջումների համար։ Որպես ձախողման օրինակ նշեց ղարաբաղյան հարցի կարգավորման արևմտյան պլանի տապալումը։

«Ես սկսեցի անդադար փնտրտուքներ իրականացնել նոր պլանի, նոր նարատիվների, նոր սկզբունքների, նոր մոտեցումների, վերանայված մոտեցումների, եթե կուզեք՝ ավելի կոշտ մոտեցումների», - նշեց նա:

40-րոպեանոց տեսանյութում Մարուքյանը պատմում է՝ նախատեսվում էր միջազգային մեխանիզմներով երաշխավորել Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, եթե Հայաստանը իջեցներ պահանջների նշաձողը, Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձ ճանաչեին տարածքային ամբողջականությունը։

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ «մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճկի հարցում ձեր նշաձողը», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը նշաձողը իջեցրեց, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, արդյունքում Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա ու այն հայաթափեց։

«Շատ դեպքերում այն մտայնությունը, որ մենք միակողմանիորեն բարի կամք կդրսևորենք, և Ադրբեջանը դա կգնահատի և ինքն էլ բարի կամք կդրսևորի, դա չի աշխատել, դա չի աշխատում և դա չի աշխատելու», - ընդգծեց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանին դուր չի գալիս նաև, որ Հայաստանի կառավարությունը լռում է, երբ Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի կառավարական շենքերը։ Ըստ Մարուքյանի՝ որքան էլ աչք փակես այդ հարցերի վրա, Ադրբեջանի դիվանագիտությունը դրանից չի մեղմվի։

Իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի հայտարարությունների մասին ասաց. - «Երեք տարի լինելով Նիկոլ Փաշինյանի ենթական, նրա կողմից նշանակված պաշտոնի, միայն հետո է նա հասկացել, որ տարաձայնություններ կան և այլն, ապա ես սա քաղաքական գործունեության մեկնարկ եմ համարում»:

Ինչո՞ւ հանկարծ երկու տարի լռելուց հետո Մարուքյանը որոշեց խոսել։ Հակոբյանին Մարուքյանի հիմնավորումները չեն համոզում։ Կարծում է՝ քաղաքական նկրտումներն են նրան կառավարական կաբինետից դուրս մղել։

«Մարդը միգուցել որոշել է մասնակցել ընտրություններին և իհարկե պետք է քաղաքական գործունեություն ծավալի», - նշեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:

Մարուքյանը իշխանության արտաքին քաղաքական թիմին միացավ 2021-ի ընտրություններից ամիսներ անց։ Դրանից առաջ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը քննադատում էր վարչապետին։

Պաշտոնանկությունից հետո որ դաշտում կդիրքավորվի «Լուսավոր»-ը՝ ընդդիմադիր, թե՝ իշխանամետ, Մարուքյանը չհստակեցրեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG