Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխպետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ փոխնախարարը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում


ԱՄՆ փոխպետքարտուղար Քուրթ Քեմփբել, արխիվ
ԱՄՆ փոխպետքարտուղար Քուրթ Քեմփբել, արխիվ

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քուրթ Քեմփբելը և Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Բուրաք Աքչափարը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Հանդիպումը կայացել է երեկ Վաշինգտոնում, ուր այցելում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի գլխավորած պատվիրակությունը:

Միլլերի փոխանցմամբ՝ Քեմփբելը և Աքչափարը քննարկել են «տարածաշրջանային և համաշխարհային առաջնահերթությունների շուրջ ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցության հետագա ընդլայնման հարցերը», Կենտրոնական Ասիայում տնտեսական համագործակցությունը և «Ասիայում ու դրանից դուրս համատեղ աշխատելու այլ հնարավորությունները»:

Քուրթ Քեմփբելը մի ամիս առաջ է նշանակվել ԱՄՆ փոխպետքարտուղար: Նրա պաշտոնական կենսագրության համաձայն՝ 67-ամյա դիվանագետը երիտասարդ տարիներին, ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում, որոշ ժամանակ ուսանել է Խորհրդային Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում երաժշտություն և քաղաքական փիլիսոփայություն ուսումնասիրելով։

Նախօրեին ԱՄՆ մայրաքաղաքում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել էին Թուրքիայի արտգործնախարարը և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Ֆիդանը երկու օր առաջ է մեկնել Վաշինգտոն՝ քննարկելու Գազայի և Ուկրաինայի պատերազմները, թուրք-ամերիկյան ռազմական և էներգետիկ համագործակցության հարցեր։ Երեկ կայացել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը:

Reuters-ը փոխանցել էր, որ «համապարփակ բանակցությունների» միջոցով Վաշինգտոնն ու Անկարան փորձում են դիտարկել երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարները։

XS
SM
MD
LG