Մատչելիության հղումներ

«100 դրամն էլ է շատ՝ մեկ ոտքով եմ գնում-գալիս, մեջքիս էլ՝ մարդ տանում»


Եթե անգամ Երևանի տրանսպորտը 45 դրամով թանկանա, Գոհար Ալեքսանյանը պատրաստ չէ վճարել դրա համար:

«Կարելի է ասել՝ մեկ ոտքով տուն եմ գնում, մետ ոտքով՝ վերադառնում։ Նաև մեջքներիս մարդ ենք տանում, կարելի է ասել։ Նման երթևեկելու համար ինչո՞ւ վճարեմ ավելի, անգամ այդ հարյուր դրամը, կարելի է ասել, ավելի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Իսկ մինչև Գոհարն ու մյուսները դժգոհում են հանրային տրանսպորտից, քաղաքապետարանը միասնական համակարգի նոր փաթեթներ է ներկայացրել։

Տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու համար 3 տարբերակ է առաջարկվում. 8 հազար 800 դրամ կարժենա 30 օրվա փաթեթը, 23 հազար 600 դրամ՝ 90 օրվանը, իսկ 1 տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվն անսահամանափակ է՝ ի տարբերություն առաջին տարբերակի, որ ետ կանչվեց հանրային դժգոհություններից հետո։

«Եթե տանը մեկ աշխատող կա, ու նա էլ առավելագույնը 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ընտանիքի մյուս անդամները ոտքո՞վ քայլեն»,- այսօր «Ազատության» հետ զրույցում հարցնում էին ուղևորները։

«Օրական տոմս ևս կլինի՝ 280 և 300 դրամ 90 րոպեի համար։ Այս դեպքում ուղևորը կարող է 2-3 անգամ տրանսպորտ փոխել։ Ընդհանուր առմամբ զեղչեր էլ կլինեն», - այդ մտահոգությունններին արձագանքում է Երևանի ավագանու իշխող խմբակցության անդամ Լևոն Լևոնյանը։

«Նախնական դպրոցականների ինչ-որ շեմ ունենալու են այդ զեղչերը, տրամադրվելու են, ուսանողությանն են տրամադրվելու զեղչեր, սոցիալական թիրախային, անապահով ընտանիքներին, խավերի ներկայացուցիչներին, այն թոշակառուներին, որոնք համարվում են նպաստառու։ Անվճար կարծում եմ՝ ոչ», - ասաց նա։

«Ազատության» զրուցակիցներից շատերն արդեն մոտավոր հաշվել էին՝ 1 ամսվա փաթեթը գնելու դեպքում գնալ-գալու համար պետք է վճարեն 293 դրամ, այսինքն՝ մեկ ուղղությունը 146 դրամ կլինի։ Ասում են՝ քանի դեռ հաճախ 30 րոպեից ավելի են սպասում ավտոբուսին, դրան գումարած նստելու տեղ չեն գտնում, անգամ այդ 46 դրամն է անհարկի թանկացում. - «Չեմ վճարի, ինչքան որ կա, այդքանը»։

«Քանակը որ շատացնեն, ժողովուրդը կանգառում մի քիչ սպասի, ուշանում են աշխատանքից։ Ես չեմ կարծում՝ նման պայմաններում թանկացումը ճիշտ կլինի», - ասաց մեկ այլ քաղաքացի։

Քաղաքային իշխանության ներկայացուցիչն ասում է՝ հարյուր դրամով հնարավոր չէ սպասարկել այս նոր ավտոբուսները, ընդգծեց՝ դրանք 878-ն են: Մինչև սեպտեմբեր էլ, նրա խոսքով, 8.6 երկարությամբ 170 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս դուրս կգա երթուղի. - «Եթե մենք չհասցնենք ամբողջությամբ ավարտին հասցնել բարեփոխումների փուլը, ինչը մենք նախատեսում ենք, իհարկե այդ փոփոխությունները չեն լինելու։ Իսկ անցումը տոմսային համակարգին մենք նախատեսել ենք սեպտեմբերի 1-ին»։

Առաջիկայում նաև 249 հատ 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ կներկրվեն, բայց թե երբ դրանք երթուղի դուրս կգան, հստակ ժամկետ չկա: Ավագանու իշխանական անդամն ասում է՝ բոլոր մտահոգությունները կհասկանային, եթե ավտոբուսներ չներկրվեին, նույն «Գազելները» մնային, տարակուսում է՝ մի՞թե մարդիկ չեն տեսնում այդ փոփոխությունը. - «Եթե մենք ուզում ենք գնալ հետ, հիշում ենք մեր հին մատուցված ծառայությունները, ես ինքս 2014-ին մասնակցել եմ «ոչ թանկացմանը» ակցիաներին, բայց այն ժամանակ կհիշեք՝ տարատեսակ ճաշակի և տեսակի երաժշտություն էր տիրում «Ռաֆերում», «Գազելներում», վարորդները ծխում էին»։

Ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանը հակադարձում է՝ թող նոր մեքենաները մտնեին երթուղի, մարդիկ կանգառներում չսպասեին ու մարդավայել երթևեկեին, այդ դեպքում նոր կարելի էր անցնել միասնական տոմսային համակարգին։ Իսկ փաթեթների գներն, ասաց, փոխվել են, այդ թվում նաև իրենց ճնշումներից հետո։

«Երկրորդ նախագիծն առաջինի համեմատած, կարելի է ասել, նահանջ է քաղաքապետարանի կողմից հօգուտ քաղաքացու և ավելի ձեռնտու է այն մարդկանց, որոնք օրական մի քանի անգամ են օգտվում տրանսպորտից։ Եթե չլիներ այդ թվում նաև ընդդիմության սպառնալիքը դուրս գալ փողոց, առաջինը կարող է և բերեին։ Պետք է սկզբում շարժակազմը լիներ, տեղում՝ կանգառասրահները, և մյուս հարցերը», - ասաց նա։

Մարտի 8-ի առթիվ այսօր անվճար երթևեկող կանայք դա քաղաքային իշխանության կողմից հաճելի ժեստ են համարում: Ավտոբուսից ժպիտով իջնող կանայք, այդուհանդերձ, թանկացման մասին լսել չէին ցանկանում։

«Խոստումներ շատ ենք լսել, բայց դեռ իրար գրկած ենք երթևեկում», - արձագանքում են երևանցիներն ու հավելում՝ սպասենք, տեսնենք՝ եթե խոստացված ավտոբուսները սեպտեմբերին չհասնեն, արդյոք կհետաձգե՞ն փաթեթների ներդրումը: Իսկ միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը քննարկման ու քվեարկության կդրվի ավագանու առաջիկա նիստում՝ հաջորդ երեքշաբթի։

XS
SM
MD
LG