Մատչելիության հղումներ

Պուտինը մարտի 8-ի կապակցությամբ ներում է շնորհել 52 կին բանտարկյալների


Վլադիմիր Պուտինը:
Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 8-ի կապակցությամբ հրամանագիր է ստորագրել 52 կանանց ներում շնորհելու մասին։

«Առաջին հերթին ներումը շնորհվում է անչափահաս երեխաներ ունեցող կանանց, հղիներին, ինչպես նաև այն կանանց, ում հարազատները մասնակցում են {Ուկրաինայում} հատուկ ռազմական գործողությանը»,- ասվում է հրամանագրում:

Նախագահը Ռուսաստանի կանանց այսօր ավանդաբար շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ։ Նա հրամանագրում նշել է, որ «կանայք իրենց գեղեցկությամբ, իմաստությամբ և հոգևոր առատաձեռնությամբ, բայց նախևառաջ երեխաներ ունենալով՝ ունակ են վերափոխելու աշխարհը»:

Պուտինը մայրությունն անվանել է կնոջ ճակատագիր և ասել, որ «ամենակարևորը ցանկացած կնոջ համար ընտանիքն է և երեխաների հանդեպ անխոնջ հոգատարությունը»։

Ռուսաստանում ծնելիության մակարդակը տասը տարի առաջ սկսել է հետզհետե նվազել և հիմա ռեկորդային ամենացածր մակարդակում է 1999 թվականից ի վեր:

Ծնելիության անկումը պարբերաբար քննարկվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Ժողովրդագրությունը բարելավելու համար առաջարկվում է սահմանափակել հղիության արհեստական ընդհատման (աբորտի) հնարավորությունները և հակաբեղմնավորիչների հասանելիությունը:

Կանանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները հաղորդել են, որ 2018 թվականին ընտանեկան բռնության հետևանքով մահացել է մոտ հինգ հազար կին՝ այդ տարի Ռուսաստանում սպանված բոլոր կանանց 61 տոկոսը:

Ռուսական լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում են իրենց զուգընկերների ձեռքով կանանց սպանելու դեպքերի մասին:

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծերը Պետական դումա են ներկայացվել ավելի քան 40 անգամ, բայց դրանցից ոչ մեկը դեռ չի ընդունվել։

2017 թվականին ՌԴ քրեական օրենսգրքից հանվել է ծեծի հոդվածն, իսկ ընտանեկան բռնության համար ընդամենը վարչական պատասխանատվություն է մտցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG