Մատչելիության հղումներ

ՔՊ դրամահավաքին առնչվող բացահայտման մասով քրեական գործ չի հարուցվել


Չնայած հասարակական կազմակերպությունների գնահատականին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցական դրամահավաքն իրականացրել է օրենքի խախտմամբ, իրավապահները քրեական վարույթ չեն նախաձեռնել:

Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին՝ ուսումնասիրել են, բայց հանցանքի և զանցանքի մասին հատկանիշներ չեն հայտնաբերել: Հրապարակումից հետո հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանի համար այս որոշումը սպասելի էր:

«Եթե լիներ իրական քաղաքական կամք՝ այդ ամբողջը քննելու, բացահայտելու, հանգիստ կարող էին, նաև հաշվի առնելով արժանահավատ տեղեկությունները, ուսումնասիրել կամ հարցումների միջոցով, կամ հենց տվյալ անձանց միջոցով պարզել օրինակ՝ եկամուտների չափը կամ այլ տարբեր հանգամանքներ, առնվազն պարզել հանգամանքները՝ իրենց կողմից նվիրատվություն իրականացնելու, որովհետև ակնհայտ է, որ համեմատության մեջ երևում էր, որ անձի սոցիալական վիճակը թույլ չէր տա իրեն կատարել այդպիսի նվիրատվություն, - ասաց ընտրական ոլորտի փորձագետը։

Ավելի քանի մեկ ամիս առաջ «Ինֆոքոմը» բազմաթիվ փաստեր էր գտել, որոնք վկայում էին՝ Երևանի քաղաքապետի վերջին ընտրություններից առաջ իշխող կուսակցությանն անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից: Ըստ հրապարակման՝ այդ մարդիկ, ապրելով սոցիալական վատ պայմաններում, ընտրություններին ընդառաջ միլիոնավոր դրամներ են նվիրաբերել ՔՊ-ին կուսակցական և քարոզչական ծախսերի համար, ընդ որում՝ շատերը նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց կամ իրենց հարազատի անունից գումար է փոխանցվել: Հետաքննության հեղինակները եզրակացրել էին, որ կուսակցության նախընտրական դրամահավաքի մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։

«Մարդիկ ասում էին՝ մենք տեղյակ չենք, նվիրատուների ծնողներն ասում էին՝ եթե ինքն այդքան գումար ունենար, վարկերը կփակեր, երեխաների համար ինչ-որ բան կաներ, ու բնակության պայմաններն էլ էին մեզ թույլ տալիս ենթադրել, որ դժվար մարդիկ 2.5 միլիոն՝ շուրջ 6500 դոլար, նվիրաբերեին կուսակցությանը», - ասում է հետաքննող լրագրողներից մեկը։

Հետաքննությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, դրան անգամ վարչապետ Փաշինյանն էր անդրադարձել խորհրդարանի ամբիոնից. - «Ես ինքս էլ տեսել եմ այդ հրապարակումը, և մենք էլ կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրավիճակներն ու իրադրությունները և, բնականաբար, մտադիր ենք նաև պարզաբանել և հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, և ինչը ինչի համար է տեղի ունեցել»։

Առայժմ, սակայն, իշխող կուսակցությունից որևէ պարզաբանում չի հնչել։ Ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դրամահավաքի մասին, պնդել էր նաև, թե կուսակցությունը գնում է ոչ թե մեկ հոգուց 1000 դրամ ստանալու, այլ 1000 հոգուց մեկ դրամ ստանալու ճանապարհով:

Մինչ օրս, սակայն, չի պարզաբանվել՝ ինչպե՞ս է ստացվել, որ ՔՊ-ն, այդուհանդերձ, 140 մարդուց ստացել է թույլատրելի առավելագույն 2.5 միլիոն դրամը, այն էլ, ըստ հետաքննող լրագրողների, կասկածելի ճանապարհով:

«Ազատություն»-ը փորձեց ՔՊ-ականներից պարզել՝ ի վերջո կուսակցությունում, ինչպես Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, հրապարակման առնչությամբ քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ: Նրանք, սակայն, կա՛մ զանգերին չէին պատասխանում, կա՛մ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում էին մեկնաբանել:

Ընտրական ոլորտի փորձագետը կարծում է՝ եթե լրագրողների հետաքննությունը պատշաճ իրավական արձագանք ստանար, ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը կբարելավվեր: Հիշեցնում է՝ ըստ մի շարք կազմակերպությունների միավորող «Անկախ դիտորդ» դաշինքի ուսումնասիրության՝ Երևանի ընտրություններում վստահությունն ամենացածրն էր 2018 թվականի հեղափոխությունից հետո:

«Ցանկալի կլիներ, իհարկե, որ իրավապահ մարմինները կաշկանդված չլինեին քաղաքական կուսակցությունների դիրքորոշումներով կամ որոշումներով, այլ իրականացնեին իրենց գործառույթները քրեական օրենսդրության շրջանակներում», - նշեց նա։

Վարդինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ «Անկախ դիտորդն» ամենայն հավանականությամբ կբողոքարկի լրագրողական հետաքննության հիման վրա գործ չհարուցելու՝ դատախազության որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG