Մատչելիության հղումներ

«Եկան, ասին՝ քանդում են, ձեր վեշերը հավաքեք». ապամոնտաժվում են Նոր Նորքի ինքնակամ կառույցները


Առավոտից քանդող տեխնիկան մտել է Երևանի Գայի պողոտայի սկզբնամասում գտնվող ինքնակամ կառուցապատված տարածք։ Մարդիկ չգիտեն՝ լիաթոք հուզվեն, թե հասցնեն գույքը դուրս բերել իրենց տնակներից։

Վահան Գևորգյանն այստեղ նապաստակներ էր պահում, քանի բուլդոզերը նրանց չի հասել, պիտի տեղափոխի։

Մի խոշոր շուն էլ ունի, նրան որտե՞ղ տեղավորի, ինքն էլ պնդում է՝ գնալու տեղ չունի. - «Ապրելու տեղ չունեմ, ես ստեղ եմ ապրում»։

Երկուշաբթի քաղաքապետ Ավինյանը հայտարարեց՝ Երևանից խլված կանաչապատ տարածքները պիտի վերադարձնեն։

Լվովյան փողոցում, որ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Ջրաշխարհի միջև ընկած տարածքն է, մարդիկ տասնամյակներով այսպես ասած տուն են դրել՝ մեկը քարե տուն, մյուսը կրպակի պես մի բան, ու հող են մշակում առանց սեփականության իրավունքի։

Քանդել, հրահանգեց Ավինյանը. - «Հենց այս շաբաթվա ընթացքում հիմնական հատվածի՝ այդ 26 հեկտար հատվածի քոլիկները բոլոր վերացնել»։

Բուլդոզերներն ու ոստիկանական խմբերը չուշացան, միայն թե Ավինյանի որոշումը հենց այսօրվա ամսաթվով է, մարդիկ չպիտի՞ ծանուցվեին, հարցնում է ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ի անդամ Մեսրոպ Մանուկյանը. - «Ինչ համար ընդունելի չէ, որ քաղաքացիներին, ովքեր երկար տարիներ ապրել են այստեղ, վճարել են էլեկտրաէներգիայի, ջրի վարձերը, ստեղծել են որոշակի այգի, կանաչապատել են, առավոտ շուտ որոշումն ընդունել են, մեկ ժամ հետո ասում են՝ պիտի քանդենք»։


Համլետ Գևորգյանը չի էլ կողմնորոշվում՝ ինչն ինչպես տեղափոխի, եթե քանդող տեխնիկան արդեն իր տնակին է հասել, ասում է՝ պարբերաբար փորձել են օրինականացնել, սեփականության վկայական ձեռք բերել։

«Այս ամբողջ կանաչ գոտին մենք մեր ծնողների հետ ենք ստեղծել, այստեղ ընդհանրապես բան գոյություն չի եղել, կարիճանոց, զիբիլանոց», - ասում է նա, - «Վերջին պատասխանը մեզ ուղարկել են՝ ձեր հարցին կանդրադառնանք Երևան քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությունից հետո»։

«Մերժում էլ անգամ չեն տվել, առանց պատասխանի, առանց զգուշացնելու երկուշաբթի օրը եկան, ասին՝ երեքշաբթի-չորեքշաբթի քանդում են, ձեր վեշերը հավաքեք», - ասում է տղամարդկանցից մեկը։

Նոր Նորքի վարչական ղեկավարը պնդում է՝ տարածքում տնավորվածները իր հետ հանդիպել են, ասել է, որ սեփականաշնորհում հնարավոր չէ։

«Մարդիկ տարիներ ի վեր զավթել են կանաչապատ տարածք, որը համայնքինն է», - նշեց նա։

Տիգրան Տեր -Մարգարյանը չի կարծում, որ եթե այս մարդկանցից մեկը անտուն է մնում, պետությունը որևէ պարտավորություն ունի. - «Այսինքն՝ եթե վաղը մոստի տակ ապրող երեք հոգի լինի, այդ մոստը քանդվի, ես պարտավո՞ր եմ այդ մոստի տակ ապրողներին կացարանով ապահովել»։

Այստեղ քաղաքային իշխանության հաշվարկով բազմաթիվ ցանկապատված տարածքներ կան, բայց 8 կառույց և դրանցից, ըստ վարչական ղեկավարի, միայն մեկում են մշտապես բնակվում։ Ի դեպ, այդ ընտանքիը սեփականության վկայական ունի։


Բուլդոզերի տակ հայտնված տնակների տերերն, այնուամենայնիվ, չեն հավատում քաղաքային իշխանության խոստմանը, թե այստեղ կանաչ գոտի է լինելու։

Մեր այգիները կանաչ են, ինչո՞ւ եք քանդում, հարցնում են։


Վարչական շրջանի ղեկավարը պնդում է՝ կրպակների տեղում նորակառույցներ չեն լինելու։

Ի դեպ, հենց նույն հատվածում, որտեղ քանդվող անօրինական կառույցներն են, սեփականաշնորհված հող կա՝ 1900 քառակուսի մետր, որ այս պահին վաճառվում է 2 միլիոն 600 հազար դոլարով։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG