Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի ու բրիտանական ուժերը նոր հարվածներ են հասցրել հութիներին


Արխիվ
Արխիվ

ԱՄՆ-ի և բրիտանական ուժերը հարվածներ են հասցրել Եմենի ութ շրջաններում 18 հութիների թիրախներին, հայտնել է Պենտագոնը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ հարվածներն իրականացվել են՝ ի պատասխան առևտրային և ռազմածովային նավերի վրա հութիների շարունակվող հարձակումների։

Նոյեմբերի կեսերից հութիներն իրականացրել են ավելի քան 45 նման հարձակումներ, որոնք «վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության համար և պահանջում են միջազգային արձագանք», նշում է Պենտագոնը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ը, որ ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից, հարձակվեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածում «Համաս»-ի դեմ։

Հութիները, որոնք վերահսկում են Եմենի հյուսիսային մասը, ներառյալ՝ ծովի ափի մի մասը, ավելի վաղ հայտարարել էին, որ միանում են Իսրայելի դեմ պատերազմին և կրակելու են այդ երկիր կամ այնտեղից գնացող ցանկացած նավի, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող նավերի վրա։ Հութիներն այդպիսով աջակցություն են ցուցաբերում «Համաս»-ին։ Հութիների ստեղծած կառավարությունը չի ճանաչում աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը։

Աշխարհում առևտրային բեռնափոխադրումների շուրջ 12 տոկոսն անցնում է Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբ նեղուցով, այդ թվում՝ բեռնարկղային բեռնափոխադրումների շուրջ 30 տոկոսը։ Հութիների հարձակումներից հետո բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններ ստիպված եղան ընտրել այլ ուղիներ, ինչը զգալիորեն երկարաձգում է փոխադրումներն ու բարձրացնում փոխադրումների արժեքը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները «չեն հանդուրժի» Իրանի աջակցությունը վայելող ապստամբների խմբավորման հարձակումների աճը:

XS
SM
MD
LG