Մատչելիության հղումներ

Երևանում կրկին սրվել է աղբահանության խնդիրը. քաղաքապետարանից արձագանքում են


Ավանի բնակիչ Հասմիկ Բաբայանի հրապարակած տեսանյութից հետո են միայն իրենց բակի աղբամանները դատարկվել: Վերջին օրերին նման տեսանյութերի պակաս Ֆեյսբուքում չկար՝ Կենտրոնից մինչև մայրաքաղաքի ծայրամասային շրջաններ:

«Բարձրաձայնելուց հետո ամեն դեպքում գտնվում են այդ ռեսուրսները, որ վերացնեն աղբը, այսինքն՝ նաև կարող է մենք խնդիր ունենանք այստեղ պարզապես սխալ աշխատանքի կամ ինչ-որ ժամանակ բաց թողնելու հետ», - ասում է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Մի քանի օր սրված աղբահանության խնդիրը երեկ կեսգիշերից սկսած մարում է, արձագանքում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն ասում է՝ «աղբատար 57 մեքենայից այս պահին 38-ն են շահագործվում, մնացածը վնասված են»։ Տնօրենը վստահեցրեց՝ մեքենաների պահեստամասերը փոխվում են, 1 ամսվա ընթացքում 38-ի փոխարեն 45 մեքենա արդեն կշահագործվի, ու Երևանն ամբողջությամբ կմաքրվի:

«Այս պահի պլանավորածով փորձում ենք թվաքանակը բարձրացնել այն թվաքանակի, որ եթե այդ ավտոները նույնիսկ չհասնեն, մենք խնդիր չենք ունենա։ Աղբավայրերի ճանապարհի անհարթությունների արդյունքում մոտ 10 մեքենա իրար հետևից վնասվածքներ են ստացել, առաջացել է որոշակի պահեստամասերի խնդիր, որոնք շատ արագ լուծել ենք, և արդեն այսօրվանից վստահաբար խնդիրն ամբողջությամբ կարգավորվում է», - ասաց նա։

Երևանն աղբի մեջ էր թաղվել նաև նախորդ տարի հուլիսին՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ:

«Եթե մեր բակ չգայիք, աղբը չէր դատարկվի»,- իշխանության թեկնածու Ավինյանին քարոզարշավի ընթացքում այսպես էր դիմավորել վարչական շրջաններից մեկի բնակիչը։

Անցած հուլիսին Ավինյանը գործակարգավարական նիստերից մեկի ընթացքում ասել էր, թե աղբահանության ճգնաժամի հիմնական պատճառը նաև ներկրված աղբատար մեքենաների որակն է: Նա այս պնդումը նաև քարոզարշավի ժամանակ էր կրկնում: Խոսքը ՔՊ-ի կողմից պաշտոնանկ արված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք գնված 57 «Կամազ»-ների մասին է:

«Սանիտեկ»-ի հեռանալուց հետո Երևանում անգամ էպիդեմիայի վտանգ կար»,- հիշեցնում է ընդդիմադիր Իզաբելլա Աբգարյանն ու շարունակում՝ Հայկ Մարությանը զրոյից հիմնել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկն իր բոլոր ենթակառուցվածքներով, ներկրվել է շուրջ 7 տասնյակ շարժակազմ, ավելի քան 50-ը՝ աղբատար «Կամազ»-ներ: «Ժամացույցի պես աշխատող հիմնարկ է ժառանգություն ստացել Ավինյանը, ուղղակի դրանք պետք է ժամանակին սպասարկել ու կազմակերպված աշխատել»,- շարունակեց ավագանու ընդդիմադիր անդամը, որը զարմացած է՝ ինչո՞ւ ՔՊ-ականներն այն ժամանակ դեմ չքվեարկեցին այդ «Կամազ»-ների ներկրմանը, եթե դրանք այդքան վատն էին։

«Մի լավ ժողովրդական ասացվածք կա՝ արտը խախուտ է, մահանան կարկուտն է։ Հենց այս «Կամազ»-ների պատմությունն է։ Ես շատ լավ հիշում եմ, որ որևէ առարկություն չի եղել, այլ հակառակը՝ իմքայլականները դնում էին իրենց պատին և ուրախանում էին ինձ հետ միասին յուրաքանչյուր «Կամազ»-ի մուտքով քաղաք։ Հիմա, բնականաբար, ծիծաղելի է, երբ նրանց կողմից լսում ես քննադատություն։ «Կամազ»-ների ձեռք բերման շարժառիթներից մեկն էլ այն էր, որ Հայաստանում լինի ներկայացուցչություն, և սպասարկումը շատ ավելի արագ և մատչելի լինի, ինչը կա, այնպես որ ամոթալի է, որ «Կամազ»-ի սպասարկումը սպասում են՝ երբ կգա։ Ես հարցում եմ արել քաղաքապետարան, թե Հայկ Մարությանի իմպիչմենթից հետո ինչ տեխնիկա է ձեռք բերվել ձնամաքրման, և ստացել եմ պաշտոնական պատասխան, որ ԵԱՍՄ-ն ձեռք է բերել ութ «Կամազ» մեքենա», - ասաց Աբգարյանը։

Երևանի աղբահանության պատասխանատու Սաշա Կատվալյանը վստահեցնում է՝ մինչև ամառ կառավարության գնած 6 չինական աղբատարները կհասնեն Երևան, ու ամռանը նորից աղբահանության ճգնաժամ չի առաջանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG