Մատչելիության հղումներ

Պուտինը Հյուսիսային Կորեայի նախագահին ռուսական արտադրության լիմուզին է նվիրել


Aurus, արխիվային լուսանկար
Aurus, արխիվային լուսանկար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին Aurus տեսակի ռուսական արտադրության ներկայացուցչական դասի ավտոմեքենա է նվիրել։ Դա կարող է համարվել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած և Ռուսաստանի կողմից վավերացված պատժամիջոցների խախտում:

Կիմ Չեն Ընին Պուտինի նվերի մասին այսօր հայտնել է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը։

«Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի կողմից մեծարգո ընկեր Կիմ Չեն Ընին ուղարկված նվերը փետրվարի 18-ին ստացել են Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարը և աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով լուրը, նշել է, որ խոսքն Aurus տեսակի լիմուզինի մասին է։ Շքեղ մեքենաները ներառված են ԿԺԴՀ արտահանման համար արգելված ապրանքների ցանկում։

Ինքը՝ Կիմ Չեն Ինը, սովորաբար օգտագործում է Mercedes-Maybach մեքենաները։ Նրան սպասարկող զրահապատ մեքենաների թվում կան Mercedes-Maybach S 600 Pullman Guard-ը, Mercedes Maybach S62-ը և Mercedes-Benz Maybach S650-ը:

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Մոսկվան սկսել է զինամթերք գնել ԿԺԴՀ-ից: Ուկրաինայի տարածքում հրետակոծություններից հետո հայտնաբերվել են հյուսիսկորեական արտադրության արկերի բեկորներ, հյուսիսկորեական արտադրության արկերը նաև տեսագրվել և լուսանկարվել են ռուս զինվորականների կողմից։ Սակայն Փհենյանը հերքում է Ռուսաստանին զինամթերք տրամադրելու մասին լուրերը:

XS
SM
MD
LG