Մատչելիության հղումներ

«Ցնցված եմ, Ռուսաստանը կորցրեց մեծ հայրենասերին». Նավալնիի մահից հետո ակցիա՝ Երևանում


Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրից մի քանի ժամ անց՝ այս պահին, Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքվել են մեծաթիվ մարդիկ, ռուսաստանցիներ։ Նրանք հավաքվել են՝ արտահայտելու իրենց հարգանքն ու ցավը Պուտինի հիմնական քննադատի մահվան կապակցությամբ։

Նրանք պաստառներ ունեն՝ «Ներիր մեզ, Լյոշա», «Ռուսաստանը կլինի ազատ» և նմանատիպ այլ գրառումներով, նաև ուղիղ մեղադրանքներով Ռուսաստանի իշխանություններին Նավալնիի, իրենց բնորոշմամբ, «սպանության» համար։

«Մարդիկ համաձայն չեն, որ այսօր երկրում պատերազմ է ընթանում, իսկ ընդդիմության ամենագլխավոր ղեկավարին այսօր, կարելի է ասել, բերդում սպանում են։ Այս մարդիկ, որ այսօր հավաքվել են այստեղ, պատասխանատվությունը Վլադիմիր Պուտինի վրա են դնում», - ասաց հավաքվածներից մեկը։

Անմիջապես Ռուսաստանի դեսպանատանը մոտանալ ցուցարարներին չհաջողվեց, նրանք շենքի դիմացի մայթում են։ Ցույցը խաղաղ է ընթանում։

«Ցնցված եմ, շոկի մեջ, մենք ցավ ենք զգում, մենք՝ բոլորս սգում ենք, Ռուսաստանը կորցրեց իր մեծ հայրենասերին», - ասաց մեկ այլ ցուցարար։

«Ես կարծում եմ, որ այստեղ հավաքված բոլոր մարդկանց մեկ ցանկություն է միավորում, որ Պուտինը հեռանա, իսկ ամենալավը կլինի, որ Հաագայի դատարանի առաջ կանգնի», - հավելեց մյուսը։

Ռուսաստանի քրեակատարողական ծառայությունն այսօր հայտնեց ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին:

Գործիչը ճաղերի ետևում հայտնվեց շուրջ երեք տարի առաջ, օգոստոսին դատարանն էլ ավելի խստացրեց նրա պատիժը՝ դատապարտելով 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում՝ ծայրահեղական գործունեության մեղադրանքով։

Տարեվերջին Կրեմլի 47-ամյա կոշտ քննադատին տեղափոխել էին Ռուսաստանի ամենահեռավոր և ցուրտ շրջաններից մեկը՝ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջան։

Արևմուտքն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան համարում են քաղբանտարկյալ։

XS
SM
MD
LG