Մատչելիության հղումներ

«Աստղային պատերազմների» մասին ահազանգը վերստին հրատապ է


Արբանյակը տիեզերքում, արխիվ:
Արբանյակը տիեզերքում, արխիվ:

Վաշինգտոնում գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն ահազանգում են Ռուսաստանից բխող նոր վտանգի մասին: Տեխնիկապես այն տիեզերքից կարող է բխել: Խոսքը տիեզերքում տեղակայվելիք միջուկային զենքի մասին է, սակայն այն ոչ թե վերևից թափվելու է ամերիկյան կամ արևմտյան քաղաքների վրա, այլ պայթելու է հենց տիեզեքում և ոչնչացնելու է արևմտյան ռազմական կամ քաղաքացիական նշանակության արբանյակները:

Դա անվազն տեսականորեն քաոսային իրավիճակ կստեղծի գետնի վրա, քանի որ կխափանվեն կապի, այդ թվում՝ պետական և ռազմական կառույցների հաղորդակցության միջոցները, և Արևմուտքն անպաշտպան կդառնա ռուսական ագրեսիայի առաջ: Փաստորեն, կյանքի կկոչվեն աստղային պատերազմների մասին ֆանտաստիկ կինոնկարների սցենարները, երբ պետական և ռազմական կառավարման համակարգերը շարքից դուրս են գալիս, ու հակառակորդն առանց էական դժվարության հաղթանակ է ապահովում:

Վաշինգտոնի փոխանցմամբ՝ ռուսները մշակում են հակաարբանյակային սպառազեն, որը կարող է սպառնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Այդ մասին խոսել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, որը վերջերս նաև նախագահի օգնական է նշանակվել:

Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեք Սալիվանն էլ Կոնգրեսում այդ թեմայով դռնփակ հանդիպում է անցկացրել բարձրաստիճան օրենսդիրների հետ: Թե՛ Քիրբին և թե՛ Սալիվանը նշել են, որ այդ զենքը տվյալ պահին տեղակայված չէ, և խոսքն ընդամենը դրա մշակման մասին է, հետևաբար այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի դեմ դրա կիրառման վտանգը գոյություն չունի, սակայն բուն գաղափարի մշակումը պարտադրում է պատասխան միջոցներ ձեռնարկել:

«Մենք չենք խոսում զենքի մասին, որը կկիրառվի մարդկանց դեմ կամ երկրում ֆիզիկական ավերածություններ առաջացնելու նպատակով»,- ասել է Քիրբին և ավելացրել, որ գաղտնիության հանգամանքից ելնելով՝ չի կարող մանրամասն տեղեկություններ տրամադրել: Ենթադրվում է, որ խոսքը տիեզերքում միջուկային ոչ շատ հզոր պայթյուններով արբանյակները ոչնչացնող զենքի մասին է:

Սպիտակ տունը փոխանցել է, որ ամերիկացիները հետևում են այդ ուղղությամբ Ռուսաստանի և Չինաստանի ակտիվությանը և անհրաժեշտ պատասխան ծրագրեր են մշակում: Նախագահ Ջո Բայդենը կարգադրել է ամերիկյան պատկան մարմիններին կապ հասրտատել ռուսական կողմի հետ և քննարկել խնդիրը: Շփումներ եղել են, սակայն կոնկրետ բանակցությունների մասին համաձայնություն դեռ չկա:

Ռուսական կողմը պնդում է, որ տիեզերքում ինչ-ինչ նոր վտանգավոր զենք տեղակայելու մտադրություն չունի: Մինչդեռ, ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ խոսքը շատ լուրջ վտանգի մասին է:

«Հարցն առնչվում է Ռուսաստանին: Դա մի հարց է, որը չի կարելի հետաձգել: Մենք պետք է անդրադառնանք լրջորեն և անհապաղ: Եվ այդպես էլ անում ենք»,- ասել է Ջոնսոնը:

«Խոսքը ռուսական հակաարբանյակային զենքի մասին է։ Լրացուցիչ տեղեկություններ են անհրաժեշտ, բայց ես դրական եմ գնահատում այսօրվա դրությամբ Սպիտակ տան գործադրած ջանքերը»,- ասել է Ներկայացուցիչների տան հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Թերները:

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես հավաստիացրել է, որ տվյալ պահին տիեզերքում հակաամերիկյան զենքի կիրառման վտանք չկա:

«Դա ակտիվ սպառազեն չէ, դա տեսականորեն է վտանգավոր, և մենք դա շատ լուրջ ենք ընդունում: Մենք, իհարկե, հարցը քննարկում ենք նաև մեր դաշնակիցների հետ»,- ասել է Բլինքենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG