Մատչելիության հղումներ

Փետրվարի վերջին Մոսկվայում տեղի կունենա միջպաղեստինյան հանդիպում․ Բոգդանով


Փետրվարի 29-ից մարտի 1-2-ը Մոսկվայում նախապատրաստվում է միջպաղեստինյան հանդիպում, ՏԱՍՍ-ին հայտնել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Մենք հրավիրել ենք պաղեստինյան բոլոր ներկայացուցիչներին՝ բոլոր քաղաքական ուժերին, որոնք իրենց դիրքորոշումներն ունեն տարբեր երկրներում, այդ թվում՝ Սիրիայում և Լիբանանում»,- նշել է Բոգդանովը՝ հավելելով՝ հրավիրվածների կազմը մոտավորապես նույնն է, ինչ եղել է նախորդ երկու միջպաղեստինյան հանդիպումներում՝ դրանք 12-ից 14 կազմակերպությունների ներկայացուցիչներ են։

«Հիմնականում կառույցներ են, որոնք Պաղեստինի ազատագրման կազմակերպության մաս են կազմում, բայց կան կառույցներ, որոնք դեռ չեն ներառվել՝ «Համաս»-ը (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) և պաղեստինյան «Իսլամական ջիհադ»-ը։ Հիմա նրանց էլ ենք հրավիրրել», - ասել է փոխարտգործնախարարը։

Բոգդանովի խոսքով՝ Մոսկվայի նպատակն է օգնել պաղեստինյան տարբեր ուժերին համաձայնության գալ քաղաքական օրակարգի շուրջ։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի մերձավորարևելյան կոնֆերանսում, ասել էր, որ Ռուսաստանը տեսանելի ապագայում ծրագրում է անցկացնել ևս մեկ միջպաղեստինյան հանդիպում՝ արաբական երկրների աջակցությամբ, Մերձավոր Արևելքում հակամարտությունը լուծելու համար։

XS
SM
MD
LG