Մատչելիության հղումներ

«Տեսնում ենք Արևմուտքի ձգտումը՝ ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում»․ Պատրուշև


Նիկոլայ Պատրուշև
Նիկոլայ Պատրուշև

Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը, Բիշքեկում, Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ, ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Մենք տեսնում ենք Արևմուտքի ձգտումը՝ ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև միջամտելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի դերքերում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների ֆոնին Ռուսաստանից ակտիվացել են մեղադրանքները Արևմուտքի հացեին։

Երեկ էլ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էր հայտարարել, թե «Երևանի աշխարհքաղաքական տատանումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին»՝ շեշտելով՝ Արևմուտքը Կովկասում անելիք չունի։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այդ տարածաշրջանն ընդհանուր տուն է հանդիսանում։ Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրամիությունը նման երկրների թվին չեն դասվում։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ արտատարածաշրջանային ուժերի, Արևմուտքի ներկայացուցիչների ներքաշումն այս շրջան, ինչին վերջին շրջանում, ցավոք սրտի, հակված է պաշտոնական Երևանը, օգտակար չէ», - ասում է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Նախօրեին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովն էր հայտարարել, թե ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման մեծ հավանականություն է տեսնում՝ Արևմուտքին մեղադրելով Բաքվի և Երևանի միջև կարգավորման գործընթացի վրա ազդելու փորձերի համար։

XS
SM
MD
LG