Մատչելիության հղումներ

«Դժոխք էր». սալմոնելոզով վարակման դեպքերից հետո սրճարանը ևս 1 շաբաթ գործել է


Անուշ Բիչախչյանի ու նրա 2 ընկերների համար երևանյան սրճարանում պատվիրած ուտեստը՝ սաղմոնով բենեդիկտը, մեծ պատմություն դարձավ, հայտնվեցին հիվանդանոցում, որտեղ հաստատեցին` վարակված են սալմոնելոզով։

«Իսկական դժոխք, 24 ժամ ցավ, ես 24 ժամ կծկված նվում էի անդադար, ոչ մի դեղ, ոչինչ չի օգնում», - պատմեց Բիչախչյանը:

«Ջուլիս» սրճարանում նախաճաշել էին փետրվարի 7-ին, Անուշը հենց այդ օրը գիշերն է շտապ օգնությամբ գնացել հիվանդանոց, նրա 2 ընկերները վատացել են հաջորդ օրը։ Ասում է՝ մղձավանջը դեռ չի ավարտվել, իրենց թույլ է զգում, տնից առայժմ դուրս չի գալիս, չի կարողանում խնամել 6 ամսական փոքրիկին։

«Ամսի 8-ին, ես որ հիվանդանոցում էի, առավոտյան զանգեցին՝ ո՞նց եք ձեզ զգում, որտեղ եք կերել, ի՞նչ եք կերել, ասացի այն հույսով, որ իմ ասածը կհասնի, այդտեղ կգնան, կստուգեն», - ներկայացրեց նա:

Անուշից և իր ընկերներից բացի օրգանիզմի ծանր թունավորում առաջացնող, բակտերիալ այս հիվանդությամբ վարակվելու մասին սոցցանցում գրել են նաև «Ջուլիս»-ի այլ հաճախորդներ։ Աուրիկա Օսելսկին պատմում է, որ նույն ձվով ու սաղմոնով ուտեստը պատվիրել են փետրվարի 6-ին, կերել եղբոր հետ, երկուսն էլ հաջորդ օրը դիմել են բժշկի։

Թե քանի՞ հոգի է մի քանի օրում վարակվել սալմոնելոզով, հստակ չէ, սոցցանցերում եղած գրառումներից դատելով՝ մեկ տասնյակից ավելի մարդ, իսկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տվյալներով՝ հիվանդանոց դիմած 12 հոգուց 9-ի մոտ հաստատվել է վտանգավոր բակտերիան։ Տեսչությունը առաջին ահազանգը ստացել է փետրվարի 8-ին։

«Նույն օրն ունեցել ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրաման, և ստուգումով արդեն տեսուչները հայտնվել են «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում, որտեղ իրականացվել է նմուշառում», - ասաց ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը:

Փետրվարի 8-ից հետո, սակայն, «Ջուլիս» սրճարանը շարունակել է աշխատել, փակվել է միայն այսօր առավոտյան՝ տեսչական մարմնի կողմից աշխատանքը կասեցնելու հրամանից ժամեր ու վարակի առաջին դեպքից 9 օր անց։ Այսօր «Ջուլիս»-ը դատարկ էր, այն ախտահանվում էր։

Հիվանդներից ոմանք դեռ փետրվարի 6-ին և 7-ին զանգահարել են «Ջուլիս», ինչից հետո, սրճարանի մենեջերների խոսքով, իրենց նախաձեռնությամբ դադարեցրել են վաճառել ձու և ձուկ պարունակող ուտեստներ, սակայն տեսչական մարմինը նրանց նման ցուցում չէր տվել։

Ինչո՞ւ է տեսչական մարմինը վարակի առաջին դեպքերից միայն 1 շաբաթ անց փակել սրճարանը

«Գործող օրենսդրությամբ մենք նման գործառույթ չունենք, որ անմիջապես, առանց որևէ հստակ հիմքի, կասեցնենք տվյալ արտադրողի գործողությունը, տվյալ պարագայում հանրային սննդի ու համապատասխան սննդամթերքի պետական վերահսկողության մասին օրենքի 25-րդ հոդվածի, կասեցվում է արտադրությունը կամ արտադրության առանձին գործառույթները, երբ ունենում ենք տեսուչի եզրակացություն ու լաբորատոր փորձաքննությունների արդյունքներ», - նշեց Վարդանյանը:

Սալմոնելոզով վարակված մարդիկ տարակուսում էին՝ արդյո՞ք հարցը պետք էր թողնել սրճարանի կամ սնունդ արտադրող ընկերության խղճին, ինչո՞ւ է տեսչական մարմինը վարակի առաջին դեպքերից միայն 1 շաբաթ անց փակել սրճարանը։

Սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանին չի համոզում տեսչականի բացատրությանը, թե օրենքով իրավունք չունեին փակել սրճարանը մինչև չլինեին լաբորատոր հետազոտությունների արդյունքները։ Իսկ դրանք հրապարկվեցին երեկ երեկոյան, ընդ որում՝ վտանգավոր բակտերիան հայտնաբերվել է և՛ ձկան մեջ, և՛ սրճարանի 3 աշխատողի օրգանիզմում։ Սաղմոնից բացի սահմանված պահանջներին չի համապատասխանել սոուսը, իսկ սրճարանի մակերեսի որոշ հատվածներում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ։

Այսօր էլ տեսչականը հավելեց՝ պարզվում է խախտվել են նաև սանիտարահիգիենիկ նորմերը, օրինակ, խոհանոցի պատերը չեն ունեցել հեշտ մաքրվող մակերես, սանհանգույցի դուռը մոտ է եղել խոհանոցին և այլն։

«Ես հավաստիացնում եմ, որ այն խախտումները, որոնց մասին այսօր խոսել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, այդ խատումները բավարար էին 5 րոպեի ընթացքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ժամանակավոր կասեցնելու համար», - ընդգծեց Պիպոյանը:

Երևանի հազարավոր ռեստորաններից ու սննդի արտադրության վայրերից ևս քանիսո՞ւմ են խախտված սանիտարահիգիենիկ նորմերը, դժվար է ասել, նման տվյալ չկա։ Տեսչական տվյալներով՝ սննդի շղթայում Հայաստանում կա 25 հազար տնտեսվարող, իրենք հասցնում են ամեն տարի ստուգել միայն 1000-2000-ը, այսինքն, միջինը՝ վեց տոկոսը։ Ունեն տեսուչների թափուր հաստիքներ, դիմողներ չկան։

Վարչության պետից հետաքրքրվեցինք՝ այս խնդրի մասին բարձրաձայնե՞լ են կառավարությունում, ասում է՝ այո. - «Մասնագիտությունը գայթակղիչ դարձնելու հետ կապված գործողություններ են իրականցվում, մշտապես բարձրացվում է տեսչական մարմնի կողմից»:

Հարցի լուծում, փաստորեն, չի տրվել, Երևանում կտրուկ ավելացել են սննդի վայրերը, չի ավելացել վերահսկող մարմնի բյուջեն։

Մինչ այդ, Սննդի անվտանգության տեսչությունից այսօր տեղեկացանք, որ սրճարանին ձուկ մատակարարած ընկերությունից նմուշառում ու ստուգումներ դեռ չեն արվել, քանի որ «սպասել են լաբորատոր հետազոտությունների արդյունքներին, որոնք ստացվել են երեկ»։ Առայժմ միաժամանակ պարզ չէ՝ ձո՞ւկն է վարակված մտել սրճարանի խոհանոց, թե՞ վարակը մթերքին անցել է աշխատողներից, ապա պետք է ուսումնասիրություններ արվեն նաև մատակարար ընկերությունում։

«Ջուլիս» սրճարանի ներկայացուցչի խոսքով՝ «եթե վարակը տարածվել է իրենց աշխատակցից, ապա ինչո՞ւ այն չի փոխանցվել նաև որևէ այլ ուտեստի, օրինակ, բանջարեղենի կամ հավի մսին, հետևաբար իրենք ակնկալում են ստուգումներ բոլոր օղակներում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG