Մատչելիության հղումներ

«Ինչո՞ւ պիտի կիլոմետրեր կտրենք անձնագրի համար». Վարդենիսցիները փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը


Արտապատկերում 24News-ի տեսանյութից
Արտապատկերում 24News-ի տեսանյութից

Վարդենիսցիներն այսօր առավոտից փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը. անձնագրային ծառայությունը տեղափոխվում է Մարտունի։

«Վարդենիս խոշորացված համայնքում 36 բնակավայրեր են, կեսը սահմանամերձ՝ ինչո՞ւ պիտի կիլոմետրեր կտրենք անձնագրի կամ նույնականացման քարտի համար», - բողոքում են մարդիկ

Հեռավոր գյուղեր կան, տրանսպորտի հարցը՝ բարդ, ի՞նչ պիտի անեն: Վարդենիսը դատարկո՞ւմ են, ինչո՞ւ են փակում պետական կառույցը, «24 նյուզ»-ի եթերում հարցնում են սահմանային տարածաշրջանի բնակիչները:

Գեղարքունիքի մարզպետ այս լուրերը անհեթեթություն է համարում, ժողովրդին ահաբեկելու փորձ։ Նա այսօր հանդիպել էր վարդենիսցիների հետ, իր տպավորությամբ՝ գոհացրել նրանց:

«Ես բացատրեցի իրենց և իրենք հասկացան, որ դա է մեր վարած քաղաքականությունը, ոչ թե փակում ենք, ինչ-որ ծառայություն մի տեղից տանում ենք, նման բան գոյություն չունի», - ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը:

Մարզպետի հետ հանդիպումից հետո, սակայն, վարդենիսցիները դարձյալ ճանապարհը փակեցին՝ նույն անձնագրայինը չտեղափոխելու պահանջով։ Օրեր առաջ վարչապետ Փաշինյանն էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, այստեղ նրան քարտեզով ցույց տվին՝ 63 տարածքային ստորաբաժանումները կդառնան 47. Ճամբարակի ու Վարդենիսի անձնագրայինները Մարտունի կգնան:

Միայն Գեղարքունիքը չէ, օպտիմալացում է սպասվում Վայքում, Արարատում, Սյունիքում։ Չի կարելի շահարկումների հետևանքով բարեփոխման գործը կանգնեցնել, շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պարզաբանել՝ ինչն է քաղաքական շահարկում. մի կողմից խոսում եք մարզերի համաչափ զարգացման մասին, մյուս կողմից օպտիմալացումն անում եք սահմանամերձ բնակավայրերում: Այսինքն՝ սահմանամերձ բնակավայրերում աշխուժությունը, խիտ բնակեցվածությունը ձեզ խանգարո՞ւմ են, ի՞նչն է խնդիրը, որ դուք օպտիմալացումը չեք սկսում, օրինակ, Երևանի ամենամեծ կենտրոններից որտեղ աշխատատեղերի խնդիր չկա: Վարդենիսում նույնիսկ այդ երեք աշխատատեղը խնդիր է», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:

Ընդդիմադիր պատգամավոր, վարդենիսցի Թագուհի Թովմասյանը վստահ է՝ մարդիկ փողոց են փակել ընդդեմ պետության վերաբերմունքի, պետական կառույցի փակումն ընկալում են ուղերձ այն մասին, որ Վարդենիսն ապագա չունի:

Ապագա կա և դա, ըստ վարչապետի, ծառայությունների թվայնացումն է. - «Մարդը ինչի՞ պետք է սենց գործառույթների համար գնա հերթ կանգնի, իր տնից կամ իր աշխատավայրից էդ պետք է կարողանա իրականացնել: Եվ նաև այս ծրագիրը մենք ինչո՞ւ ենք իրականացնում, սա վկայությունն է, որ նախ հավատում ենք և վճռական ենք, որ պետք է թվայնացումն իրականացնենք»:

Այժմ, սակայն, հստակ է միայն այն, որ Վարդենիսի անձնագրայինն այս տարվա ընթացքում կփակվի, դրանից հետո մարդիկ անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու կամ հաշվառվելու համար պիտի Մարտունի գնան. սա հաստատում են Միգրացիոն ծառայությունից՝ հավելելով, որ երբ գնահատեն կարիքը, գուցե շրջիկ խումբ պտտվի համայնքներում՝ գործարքների համար։

Գեղարքունիքի մարզպետը, սակայն, այլ բան է ասում. - «Ո՞վ ասաց, որ ծառայությունը փակվում է, ծառայությունը կարողանալու են այնտեղ տեղում իրենք ստանալ: Իրենց պետք չի գալու, որ իրենք մեկ այլ տեղ գնան այդ ծառայությունը ստանան, իրենք կարողանալու են անձնագիր և նույնականացման քարտը ստանալ պոչտայով»:

Փոստով անձնագիր կամ քարտ ստանալ մարդիկ չեն կարող, այդ հարցը դեռ քննարկվում է, տեղեկացանք Միգրացիոն ծառայությունից:

Վարդենիսցիները պայքարը ընդհատում են, բայց չեն դադարեցնում՝ կշարունակեն վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG