Նախորդ տարում պետական գույքի օտարման և մասնավորեցման դրամական արժեքը կազմել է 34․9 մլրդ դրամ (շուրջ 87.5 մլն դոլար), որը շուրջ 14․2 մլրդ դրամով ավելի է 2022 թվականի ցուցանիշից: Այդ մասին այսօր զեկուցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ:
Պետական մարմիններին ամրացված ավտոմեքենաների թվաքանակի կրճատման տեսանկյունից կարևորվել է 2023-ին օտարված տրանսպորտային միջոցների թիվը, որը կազմել է 488՝ 386-ով ավելի 2022 թվականից։ Օտարված տրանսպորտային միջոցների ընդհանուր արժեքը կազմել է 340 մլն դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 166 տոկոսով։ Տրանսպորտային միջոցների օպտիմալացման առումով խոսվել է 2024-ին նախատեսվող՝ մեքենաների հատկացման նոր չափորոշիչներից և գործընթացի կենտրոնացված կառավարումից։
Վարձակալությունից մուտքերը կազմել են շուրջ 674 մլն դրամ, որը 43․2 տոկոսով ավելի է 2022-ին ստացված մուտքերից։
Նշվել է, որ 2023 թվականին կատարված գործարքների արդյունքում ներդրողները ստանձնել են ընդհանուր 37 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն։
2023 թվականին 10 հայցադիմում է ներկայացվել դատարան մասնավորի ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով: Հայցադիմումը վերաբերում է պարտավորությունները կատարելուն հարկադրելուն: Ըստ պատասխանատուների՝ հիմնականում Պետական գույքի կառավարման կոմիտեի օգտին վճիռներ են կայացվել: Եթե պարտավորությունները չեն կատարվել, նոր արդեն երկրորդ փուլով հայցադիմում է ներկայացվում՝ գույքը պետությանը վերադարձնելու պահանջով: Արդեն իսկ պետությանը գույքի վերադարձի 4 դեպք է առկա. 3-ը հողամաս են, մեկը՝ անշարժ գույք:
Այսպիսով, Կառավարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն, Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեության արդյունքում 2023 թվականին բյուջետային մուտքերը կազմել են 15․4 մլրդ դրամ՝ 72․2 տոկոսով ավելի 2022-ից։ Զեկուցվել է, որ մասնավորեցվող պետական գույքից և հողից ստացվող միջոցների 30 տոկոսը հատկացվում է համայնքին, 2023-ին դա կազմել է 2.3 մլրդ դրամ:
Անդրադարձ է կատարվել նաև «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ում իրականացված աշխատանքներին։ Մասնավորապես նշվել է, որ 2023-ին Մարզահամերգային համալիրում կայացել է 119 միջոցառում, որից ստացվել է 768 մլն դրամի եկամուտ՝ 18 տոկոսով ավելի 2022-ի եկամուտից։ Նշվել է, որ Մարզահամերգային համալիրում լայն թափով ընթացել և ընթանում են շինարարական աշխատանքներ․ կապիտալ նորոգվել է պոմպակայանը, ձեռք են բերվել օդափոխության և հակահրդեհային համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իրականացվում են տանիքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ։