Մատչելիության հղումներ

Ըստ ՊՎԾ-ի՝ ԱՆԻՖ-ը պետության գումարներն արդյունավետ չի օգտագործել


Ռոմանոս Պետրոսյան
Ռոմանոս Պետրոսյան

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ուսումնասիրություններ է արել ԱՆԻՖ-ում՝ Պետական հետաքրքրությունների ֆոնդ ընկերությունում ու պարզել, որ ընկերությունը պետությունից ստացած ֆինանսական միջոցները արդյունավետ չի օգտագործել, այս մասին ՊՎԾ-ն զեկույց չի հրապարակել, բայց մանրամասները հայտնել է «Ազատության»-ը։

«Վերաբերում են ներկայացուցչություններում կամ կենտրոնական ապարատում որոշակի ծառայությունների ձեռքբերմանը, ներդրումների գործընթացներին, այդ թվում՝ նաև ղեկավար անձնակազմի աշխատավարձերի, պարգևավճարների, գործուղումային ծախսերի բաշխմանը, դրանց արձանագրմանը, ինչպես նաև այդ գործընթացների փաստաթղթավորմանը», - ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

Պետական հետաքրքրությունների ֆոնդը 2019-ին Կառավարության կողմից հիմնադրված փակ բաժնետիրական ընկերություն է։ Վերջին տարիներին այն նախ եղել է Կառավարության, ապա Էկոնոմիկայի նախարարության կազմում։ Դրա նպատակը օտարերկրյա ներդրումների ներգրավումն է, արտահանման աճի խթանումը և հայաստանյան նախագծերում ներդրումներ անելը։

ԱՆԻՖ-ի կայքում եղած տվյալներից դատելով՝ արտասահմանյան խոշոր ներդրողներ վերջին տարիներին գրեթե չեն ներգրավել, իսկ, ըստ վերահսկողական ծառայության, պետական միջոցներն էլ արդյունավետ չեն ծախսվել։ 2019-2023 թվականներին այդ միջոցները կազմել են շուրջ 5 միլիարդ դրամ, որի փոքր մասը դրամաշնորհներ են, մեծ մասը՝ հարկատուների գրպանից։

«Կան ծառայություններ, որոնց համար ներկայացուցչությունները կամ կենտրոնական ապարատն ունի կոնկրետ հաստիքներ վարձատրվող, ընդ որում բավականին բարձր արժեցող մասնագետների ներգրավմամբ, որպես հաստիքային աշխատակիցներ, բայց այդ ծառայությունների ձեռքբերման համար արտապատվիրակվել են այլ ընկերություններ, ծառայություններ են ձեռքբերվել, որում մենք, բնականաբար, խնդիրներ ենք տեսել՝ խնդրահարույց է այդ աշխատաոճը մեզ համար գնահատվել», - ասաց Պետրոսյանը։

Տարին ամփոփող ասուլիսի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խուսափել էր գնահատականներից ու չէր պատասխանել հարցին՝ արդյո՞ք ԱՆԻՖ-ի ղեկավար կազմում փոփոխությունների պատճառը անարդյունավետ կառավարումն է։

ԱՆԻՖ-ը անցյալ տարվա մայիսից Կառավարության հաշվեկշռից անցել է Էկոնոմիկայի նախարարությանը, որը արդեն հունվարից փոխել է տնօրենների խորհրդի անդամներին, ինպես նաև հունվարի սկզբին վաղաժամ դադարեցրել ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։

Վերջինիս հետ առայժմ կապ հաստատել չի հաջողվել, սակայն «Ազատություն»-ը հարցում է արել նախարարություն՝ հետաքրքվելով, թե ինչո՞ւ է ֆոնդից հեռացվել Փափազյանը։

Նախարարությունից «Ազատության»-ը պատասխանել են՝ նա խախտել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի դրույթներից մեկը, խոսքը գործադիր մարմնի կողմից խորհրդի որոշումները չկատարելու մասին է։ Թե ինչ որոշում մոտ կես տարվա ընթացքում չի կատարել Փափազյանը, հստակ չէ։

Մինչ այդ ՊՎԾ ղեկավարը խոսում է իրենց բացահայտումների մասին՝ օրինակներով․ - «Աշխատավարձերի հաշվարկման որոշակի մեխանիզմներ են կիրառվել, որոնք որ չենք կարող ասել, որ ապօրինի են կիրառվել, սակայն արդյունավետության հետ խնդիրներ ենք տեսել։ Այն դեպքում, երբ ընկերությունը, որոշակի նշաձողեր է սահմանել շահույթի, եկամուտների և ֆինանսական այդ ձեռքբերումների առումով, բայց այդ նշաձողերը չհաղթահարելու կամ յուրովի մեկնաբանության արդյունքում պատասխանատուները՝ ղեկավար կազմի որոշ պաշտոնատար անձինք զգալի պարգևավճարներ են ստացել»։

Թե ինչ աշխատավարձերի կամ պարգևավճարների մասին է խոսքը, չհատնեցին ո՛չ ՊՎԾ-ից, ո՛չ Էկոնոմիկայի նախարարությունից՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրերքին, նախկին տնօրեն Փափազյանը և ԱՆԻՖ-ի մյուս աշխատակիցները պետական ծառայողներ չեն, հետևաբար չեն ներկայացրել նաև հայտարարագրեր։

«Տնտեսական էֆեկտն այնքան չէր, որքանով որ կարելի կլիներ նման բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ տրամադրել, մասնավորապես, ղեկավար կազմին, այդ թվում՝ նաև կան մասնագետներ, նաև բարձրագույն կառավարման մարմնում, ովքեր որ միաժամանակ իրենց լիազարություններն իրականացնում էին թե՛ կենտրոնական ապարատում, թե՛ ներկայացուցչություններից ևս մեկում, կամ երկուսում միաժամանակ», - ասաց ՊՎԾ ղեկավարը։

Արդյո՞ք նաև ՊՎԾ-ի ուսումնասիրությունների պատճառով ԱՆԻՖ-ում կատարվեցին փոփոխություններ։ Համենայն դեպս, Էկոնոմիկայի նախարարն ասուլիսի ընթացքում հիշեցրել էր Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2023-ի սկզբին արած հետազոտությունը, որը մատնանշել էր խնդիրներ և դրանցից գլխավորը թափանցիկության ու հաշվետվողականության ցածր մակարդակն էր։

«Այն արձանագրումները, որ արել ենք նախկին շրջանի գործունեության արդյունքներով, դրանք լինելու են նաև հետագա գործունեության համար ուղենիշային և դրանց վերլուծության հիմամբ է նաև նոր առողջացման ծրագիրը կյանքի կոչվում», - ասաց Պետրոսյանը։

Իսկ մասնավորապես ի՞նչ է անելու նախարարությունը, որ ԱՆԻՖ-ում առաջացած խնդիրները չկրկնվեն վերջին փոփոխությունից հետո, երբ խորհրդի նոր կազմում 5 անդամներից 2-ը էկոնոմիկայի նախարարի տեղակալներ են, նրանցից Անի Իսպիրյանը՝ նաև խորհրդի նախագահը։ «Ազատության»-ը պատասխանել են՝ խմբագրվել է կանոնադրությունը, ձևավորվել է «Առաջադրման և վարձատրության հանձնախումբ, որի կողմից մշակվելու է վարձատվության քաղաքականությունը», իսկ ԱՆԻՖ-ը իր կայքում հրապարակելու է կորպորատիվ կառավարման վերաբերյալ տեղեկություններ։

Մինչ այդ 2024-ի համար ԱՆԻՖ-ը ստացել է հերթական խոշոր դրամաշնորհը պետությունից՝ 4.5 միլիոն դոլար, այս մասին տեղեկանում ենք Armeps.am համակարգից։ Այդ գումարից 2 միլիոնը ԱՆԻՖ-ի աշխատվարձային ֆոնդն է, իսկ նախորդ՝ ՊՎԾ-ի կողմից խնդրահարույց համարված տարվա բյուջով ԱՆԻՖ-ի աշխատվարձային ֆոնդը 2 միլիոնից մի փոքր ավելի էր՝ 2 միլիոն 470 հազար դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG