Մոսկվայի քաղաքային դատարանը Դոնեցկի անջատողականների նախկին հրամանատար, Անվտանգության դաշնային ծառայության պահեստազորի գնդապետ, ազգայնական Իգոր Ստրելկովին (հայտնի է նաև որպես Գիրկին) ծայրահեղական կոչեր հնչեցնելու մեղադրանքով դատապարտել է 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: Դատարանը նաև նրան երեք տարով արգելել է կառավարել ինտերնետ ռեսուրսները։
Ազատազրկման ժամկետի մեջ ներառվելու է քննչական մեկուսարանում անցկացրած ժամանակը։
Դատավճռի հրապարակումից հետո Ստրելկովին պաշտպանող փաստաբան Ալեքսանդր Մոլոխովը հայտնել է, որ այն կբողոքարկվի։
Ծայրահեղականություն հրահրելու մեղադրանքով կալանքի տակ գտնվելու շրջանում Ստրելկովը հայտարարել է իր թեկնածությունը Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջադրելու մասին, սակայն նրա կողմնակիցները չեն կարողացել հավաք անցկացնել՝ նրան առաջադրելու համար։ Ենթադրվում է, որ ոչ մի նոտար չի համաձայնել մասնակցել հավաքին։
Ուկրաինայում Ստրելկովի դեմ հարուցվել են մի շարք գործեր ահաբեկչության, սպանության, խոշտանգումների և պետական ինքնիշխանության ոտնահարման հոդվածներով։ Նիդերլանդներում էլ նա հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 2014 թվականին Դոնբասի երկնքում մալայզիական Boeing-ի կործանմանը մասնակցելու համար։ Այդ ահաբեկչության հետևանքով 298 մարդ է զոհվել։ Ստրելկովը հերքել է մեղադրանքը, մշտապես պնդելով, թե «աշխարհազորայինները չեն խոցել օդանավը»: Ենթադրվում է, որ օդանավը կործանվել է «Բուկ» տեսակի ռուսական արտադրության հրթիռի հարվածից: Ռուսաստանը հերքում է ինքնաթիռը խոցելու մեղադրանքը:
2014-ին Ստրելկովը գլխավորել է Ռուսաստանի քաղաքացիների ջոկատը, որը տեղի անջատողականների աջակցությամբ գրավել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքը: Դրանից հետո նրա հարաբերությունները Ռուսաստանի իշխանության հետ վատթարացել են: Ստրելկովը դժգոհել է, թե իրեն թույլ չեն տվել գնալ ռազմաճակատ նույնիսկ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական բանակի ներխուժումից հետո։