Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստովանել է, որ մարզերի տնտեսությունը և բնակիչների սոցիալական կացությունը խիստ խնդրահարույց է:
«Տեղի բնակիչներին առաջին անհրաժեշտության պարագաներով՝ պարենով և սպառողական ապրանքներով ապահովելու անկարողությունը վերաճել է լուրջ քաղաքական խնդրի, որի վրա մեր կուսակցությունը և կառավարությունը երբեք չեն կարող աչք փակել»,- հայտարարել է Կիմ Չեն Ընը:
Նրա ելույթի մասին՝ հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին, հայտնել է Yonhap հարավկորեական լրատվական գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի ղեկավարի փոխանցմամբ, «մարզերում սարսափելի տնտեսական վիճակ է»:
Կիմ Չեն Ընը խոստորեն քննադատել է որոշ գերատեսչությունների և պետական հաստատությունների աշխատանքը, նշելով, թե դրանք «պարապ կանգնած են, զբաղված են շատախոսությամբ և չեն կարողանում գտնել կացությունը բարելավելու անհրաժեշտ իրատեսական հնարավորություններ»:
Yonhap-ի փոխանցմամբ, երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր Կորեայի ժողովրդական բանակի զինվորներին արդյունաբերական խնդիրների լուծմանը ներգրավելու մասին:
Հարավային Կորեայում մասնագետները ենթադրում են, որ Փհենյանի և երկրի մնացած շրջանների միջև տնտեսական զարգացման աղաղակող տարբերությունն այն աստիճանի է հասել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը ստիպված է դիմել վիճակը շտկելուն ուղղված արտակարգ միջոցների:
«Հյուսիսային Կորեան ռեսուրսները կենտրոնացրել է Փհենյանում, շրջաններում պարենի պակաս է, կացությունն էլ ավելի է վատթարացել COVID-19 համաճարակի ժամանակաշրջանում սահմանների փակման, ինչպես նաև ցածր բերքատվության և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով»,- նշել են Հարավային Կորեայի տնտեսագետները: