Մատչելիության հղումներ

Սակագինը սպառողին պիտի երաշխավորի որակ, արտադրողին՝ շահույթ. վարչապետը լսել է ՀԾԿՀ հաշվետվությունը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Էլեկտրաէներգիայի որակի հետ կապված «ակնհայտ է, որ մենք պրոբլեմներ ունենք», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա խորհրդակցությանը, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հաշվետվությունը:

«Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ այդ պրոբլեմները չեն լուծվում և ի՞նչ ենք պլանավորում անել, որ այդ խնդիրները լուծվեն: Առաջին խնդիրն էլեկտրաէներգիայի մատակարարման որակն է, որ անխափան լինի և երկրորդը՝ մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը», - Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը պատասխանել է, որ խնդիրը նաև որոշ տեղերում որակի հետ կապված վատթարացումների է բերել, և ընդգծել է. - «Սպասարկման որակի խախտման համար էր, որ ես ասացի, մատակարարը 580 մլն գումար է վճարել սպառողներին: Այսինքն, եթե 4 ժամում չի վերականգնում, օրինակ, մի խումբ սպառողների էլեկտրամատակարարում, ավտոմատ հաշվանցում է գումար հաջորդ ամսվա՝ որպես կանխավճար: Ամեն տարի մոտ 120 մլն դրամի տույժ է վճարում»:

«Այսինքն՝ այնուամենայնիվ, մեխանիզմը գործարկել ենք, որով պետք է բոլոր ստանդարտներով այդ որակի առաջընթացը տեսանելի երևա», - ասել է վարչապետը:

«Սակագինն այն է, ինչ սպառողին պիտի երաշխավորի որակ, արտադրողին՝ շահույթ: Այսինքն՝ եթե այս բալանսը խախտվում է, ուրեմն այդ սակագնային բանաձևի մեջ ինչ-որ մի բան այնպես չէ», - ընդգծել է Փաշինյանը:

Անդրադառնալով վերականգնվող էլեկտրաէներգիայի թեմային՝ վարչապետն ընդգծել է, որ այն Հայաստանում բավականին լավ զարգանում է, և հավելել է. - «Մեզ պետք են համագործակցության ռազմավարական պայմանագրեր»:

Այս տարի լրանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահների պաշտոնավարման ժամկետները: Նրանք այդ պաշտոններում ընտրվել են 2019 թվականի ապրիլին: «Գիտեք, որ հանձնաժողովների նախագահներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ Ազգային ժողովին թեկնածու առաջադրելու իրավասությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խորհրդակցության նպատակը ՀԾԿՀ նախագահի գործունեության վերաբերյալ հաշվետվության ծանոթանալն է, որի հիման վրա քննարկումների արդյունքներով որոշում կկայացվի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG