Մատչելիության հղումներ

Վրացական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների կապակցությամբ


Վրացական ոչ կառավարական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել մտահոգություն հայտնելով Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների կապակցությամբ և միջազգային հանրությանը կոչ են անում արձագանքել այդ իրավիճակին։ Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մեկ տասնյակից ավելի լրագրողներ են ձերբակալվել։

«Այլակարծության նկատմամբ Ադրբեջանի կառավարության անհանդուրժողականությունը կասկածներ է առաջացնում, որ նախընտրական շրջանում խուլիգանության, ոստիկանությանը չենթարկվելու կամ մաքսանենգության մեղադրանքներով լրագրողների ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ ունեն», - նշված հայտարարությունում։

Այն ստորագրել են Վրաստանում հեղինակավոր համարվող հինգ կազմակերպություններ՝ «Ժողովրդավարության ուսումնասիրությունների ինստիտուտը», «Քաղաքացիական գաղափար», «Հանուն մարդու իրավունքների միջազգային գործընկերություն» Թբիլիսյան գրասենյակը, «Սոցիալական արդարության կենտրոնը» և «Մարդու իրավունքների կենտրոնը»։

Նրանք միջազգային հանրությանը կոչ են անում քննադատաբար գնահատել Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ խախտումների փաստերը և օգտագործել իրենց քաղաքական մեխանիզմները Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների հարգանքը ապահովելու համար։

Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության իրավիճակը վերջին տարիներին կտրուկ վատթարացել է և անկախ լրագրողների աշխատանքը բարդացել է քաղաքական ճնշումների պատճառով։ Մամուլի ազատության ինդեքսով Ադրբեջանը 180 երկրների շարքում 151-րդ տեղում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG