Մատչելիության հղումներ

Ռուսական ներկայությունը վտանգ է հանդիսանում Հայաստանի անվտանգության համար. Սաքունց


Ռուսական ներկայությունը վտանգ է հանդիսանում Հայաստանի անվտանգության համար, այսօր «Ազատության» հետ զրուցում հայտարարեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ռուսաստանի դեսպանն այսօր ասել է, որ Գյումրիից ռուսական բազան դուրս բերելու հարց օրակարգում չկա, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը ամիսներ առաջ վարչապետն ասել էր, որ այդ բազայի առավելությունները հայկական կողմը չի տեսել: Արդյոք այն այսօր անվտանգություն չի ապահովում, նկատի ունեմ որպես զսպող գործոն Թուրքիայի սահմանին:

Սաքունց. - Էրդողանի հետ Պուտինը ռազմավարական, կարելի է ասել, ներդաշնակության մեջ է, շատ ավելի սերտ են, Թուրքիան չի կիրառում և չի մասնակցում պատժամիջոցներին ընդդեմ Ռուսաստանի, չնայած Ռուսաստանի Դաշնությունը սանձազերծել է ագրեսիա Ուկրաինայի դեմ: Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, Էրդողանի ռեժիմը Պուտինի հետ չունի հակասություններ, հետևաբար հարց՝ եթե դու այդ ռեժիմի կամ այդ կառավարության, պետության հետ չունես հարցեր, այդ դեպքում դու ի՞նչ խնդիր ես լուծում, այսինքն ո՞րն է այդ վտանգը: Որովհետև մենք խնդիր ունենք անվտանգության հետ կապված Թուրքիայի հետ, որովհետև Թուրքիան ակնհայտորեն աջակցել է Ադրբեջանին Արցախի բռնի էթնիկ զտման առումով և 44-օրյա պատերազմում, ինչպես նաև նույն Ռուսաստանը: Այսինքն այստեղ հարցը երբ դրվում է, թե չկա օրակարգում, օրակարգում պետք է լինի, որովհետև ռուսական բազան կամ ռուսական Դաշնության զինվորական ստորաբաժանումը այլևս չի կարող չհանդիսանալ սպառնալիք որևէ պետության համար, որը ընտրել է ժողովրդավարության զարգացման ուղին: Հատկապես Հայաստանի պարագայում, երբ որ մենք փաստը տեսել ենք, թե ռուսական խաղաղապահ, այսպես կոչված, կոնտինգենտի ներկայությամբ ինչպես բռնի տեղահանում եղավ, դեռևս 2008 թվականին, երբ որ Ռուսաստանի կողմից եղավ ագրեսիա Վրաստանի դեմ, այն ժամանակ հռետորական հարց եմ հնչեցրել՝ իսկ ի՞նչ երաշխիք կա, որ ռուսական բազան մի «գեղեցիկ օր» չի հայտնվի Երևանի Ազատության հրապարակում ու պարտադրի իր կամքը կամ կատարի հեղաշրջում, որովհետև Վրաստանի դեմ ագրեսիային մասնակցեցին, այսպես կոչված, խաղաղապահ կոնտինգենտը, որոնք տեղակայված էին Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Այնպես որ այն, որ ենթադրենք օրակարգում չի, դա շատ սխալ է: Եվ վարչապետը, որ նշում է, որ որևիցե օգուտ չկա, ուղղակի շատ զուսպ է ասված: Ընդհանրապես ռուսական ներկայությունը վտանգ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, սա հստակ է, որովհետև չի կարող նույն ռեժիմը մեկ այլ ինքնիշխան պետության համար վտանգի աղբյուր հանդիսանալ, մեկ այլ ինքնիշխան պետության համար վտանգի աղբյուր չհանդիսանալ: Այդ դեպքում դուրս է գալիս, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնված է Ռուսաստանի Դաշնությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

XS
SM
MD
LG