Մատչելիության հղումներ

Հայաստանի Հանրապետությանը պետք է նոր Սահմանադրություն․ Փաշինյան


Հայաստանի Հանրապետությանը պետք է նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ, և հարցը պետք է լայն քննարկման առարկա դառնա, Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից քվեարկությամբ ընդունված Սահմանադրություն, որը չպետք է կասկածի տեղիք տա, սա նաև լեգիտիմության հետ կապված կարևոր շեշտադրում է»,- ասել է վարչապետը՝ շեշտելով՝ պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:

Փաշինյանը միևնույն ժամանակ շեշտել է, որ Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը՝ հաշվի առնելով ժողովրդավարական ձգտումները և ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար և որ այս հարցում ինքն իր դիրքորոշումը չի փոխել։

«Ընդ որում, ես հիմա ավելի եմ համոզվել, որ եթե 2020 թվականի հետպատերազմյան շրջանում մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա», - ասել է գործադիրի ղեկավարը:

XS
SM
MD
LG