Հայաստան է ժամանել ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուն։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպմանը Ռիչարդ Նեֆյուն ընդգծել է, որ Հայաստան կատարած այցի նպատակը հակակոռուպցիոն պայքարին աջակցելն է:
Աննա Վարդապետյանն, իր հերթին, ներկայացրել է 2020 թվականին ձևավորված՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության աշխատանքներն և գրանցված արդյունքները։
Ըստ դատախազության հաղորդագրության՝ Աննա Վարդապետյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 94 հայցադիմում, որոնցով Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել շուրջ 1050 անշարժ և 210 շարժական շարժական գույք, շուրջ 280 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև ավելի քան 510 մլրդ դրամ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ամերիկացի պաշտոնյայի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև Վրաստան։