Մատչելիության հղումներ

ԼՂ-ից տեղահանվածներին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Միյատովիչ


Ղարաբաղից տեղահանվածներին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի, հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ հրապարակելով իր դիտարկումները` 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը Հայաստան և Ադրբեջան, ներառյալ Ղարաբաղ կատարած իր այցից հետո:

«Մինչ հնարավոր վերադարձը, պետք է անհապաղ ուղիներ գտնել, այդ թվում՝ անվտանգության երաշխիքներ հաստատելով, որպեսզի ղարաբաղցի հայերը ժամանակավորապես մուտք գործեն իրենց տները կամ սովորական բնակության վայրերը և այցելեն գերեզմաններ, որտեղ թաղված են հարազատները: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել, որ ղարաբաղցի հայերի թողած ունեցվածքը պաշտպանված լինի թալանից, գողությունից կամ տիրանալուց: Այն սակավաթիվ էթնիկ հայերը, ովքեր մնացել են Ղարաբաղի տարածաշրջանում, նույնպես պետք է օգտվեն մարդու իրավունքների պաշտպանությունից, այդ թվում՝ ապահովելով նրանց ազատ տեղաշարժը», - հայտարարել է հանձնակատարը:

Միյատովիչը հույս է հայտնել, որ բոլոր տեղահանվածները, ովքեր ցանկանում են, կկարողանան հնարավորինս արագ վերադառնալ։

Մարդու իրավունքների հանձնակատարն ասել է, որ «Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է կենտրոնանան ֆինանսական աջակցության վրա՝ ապահովելու, որ տեղահանված անձանց և նրանց ընդունող բնակչության մարդասիրական կարիքները լիովին բավարարվեն»:

«Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է իրենց խաղաղ բանակցություններում կենտրոնանան մարդու իրավունքների պաշտպանության վրա և հաստատեն մարդու իրավունքների ուժեղ երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար», - նշել է հանձնակատարը:

Նա նաև ընդգծել է. - «Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին բոլոր մեղադրանքները պետք է արդյունավետ և անհապաղ հետաքննվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն և արդար, անկախ ու անաչառ դատավարությունից հետո մեղավոր ճանաչվեն, դատապարտվեն և պատժվեն»:

Ըստ հայտարարության, հանձնակատարի դիտարկումներում արծարծված մարդու իրավունքների այլ հարցերը ներառում են մարդկանց ականներից պաշտպանելու անհրաժեշտությունը, կալանավորված անձանց վիճակը, ներառյալ նրանց կալանքի պայմանները և նրանց ընտանիքների հետ շփման մակարդակը, տարածաշրջանում անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման և նրանց ընտանիքներին պատասխաններ տալու կարևորությունը։

Դունյա Միյատովիչը երկու երկրների իշխանություններին կոչ արեց պայքարել ատելության խոսքի դեմ և խթանել փոխըմբռնումն ու վստահությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG