Մատչելիության հղումներ

Իսրայելը կտրականապես հերքում է պնդումները, թե ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների դեմ


Իսրայելը կտրականապես հերքել է Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հարավաֆրիկյան Հանրապետության պնդումները, թե ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների դեմ Գազայի հատվածում։ Իսրայելը նաև «անհեթեթություն» է որակել զուգահեռները այդ պատերազմի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի միջև։

Իսրայելի փաստաբանները պնդել են, թե երկիրն անում է հնարավորը, որպեսզի «Համաս»-ի դեմ պատերազմը չազդի խաղաղ բնակչության վրա, ընդգծելով, որ այդ խմբավորումը Արևմուտքի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական։

Հարավաֆրիկյան Հանրապետությունը մեղադրում է Իսրայելին ցեղասպանության «համակարգված» գործողությունների մեջ և Արդարադատության միջազգային դատարանից պահանջում հրատապ միջոց կիրառել՝ Գազայի պաղեստինցիներին պաշտպանելու համար։

Տեղի առողջապահության նախարարության հաղորդմամբ, արդեն շուրջ երեք ամիս շարունակվող բախումներում ավելի քան 23 հազար պաղեստինցի է զոհվել, մեծ մասը՝ կանայք ու երեխաներ։

Իսրայելական կողմում հոկտեմբերի 7-ի «Համաս»-ի հարձակումից հետո զոհվել է 1200 մարդ, մի քանի հարյուրը՝ գերեվարվել։

Ակնկալվում է, որ Նիդեռլանդներում գործող դատարանը այս ամսվա վերջին կհրապարակի որոշումը՝ հրատապ միջոց կիրառելու հարցով, սակայն բուն՝ ցեղասպանության մեղադրանքների վերաբերյալ որոշման համար, ըստ իրավաբանների, տարիներ կարող են պահանջվել։

Բարձրագույն դատարանի որոշումները չեն կարող բողոքարկվել, սակայն կառույցը ինքը որևէ միջոց չունի իր վճիռներն ի կատար ածելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG