Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Եմենում հարվածել է Հութի շարժման ավելի քան 60 թիրախի, Իրանը կոչով դիմում է միջազգային հանրությանը


ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը 16 ուղղություններով հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժման ավելի քան 60 թիրախների Եմենում, հայտնում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը:

Օգտագործվել է տարբեր տեսակի ավելի քան 100 ճշգրիտ կառավարվող զինամթերք։ Հարվածներ են հասցվել թե՛ օդից, թե՛ ծովից։

«Մերձավոր Արևելքում մենք հավատարիմ ենք մեր կարևոր գործընկերներին՝ օգնելու նրանց պաշտպանվել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներից, այդ թվում՝ հութի գրոհայիններից և սպառնալիքներից։ Նրանք սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար», - ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքս Գրինկևիչը:

Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե այս քայլը նպատակ ուներ ցույց տալ, որ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները չեն հանդուրժի Իրանի հովանավորությամբ գործող գրոհայինների աճող հարձակումները, որոնք սպառնալիք են ազատ նավարկության ու անձնակազմերի համար։

Ըստ Սպիտակ տան՝ հութիների հարձակումների հետևանքով ավելի քան 2000 նավեր ստիպված են եղել փոխել երթուղին և շրջանցել Կարմիր ծովը, ավելի քան 20 երկրների անձնակազմեր կամ գերևարվել են, կամ՝ սպառնալիքների ենթարկվել։

Հութիները հայտարարել էին, որ կշարունակեն թիրախավորել Իսրայելի հետ կապված նավերը Կարմիր ծովում, փոխանցում է BBC-ին։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն անցած տարեվերջին այցելել էր Բահրեյն։

Կարմիր ծովում ստեղծված իրավիճակը միջազգային սպառնալիք գնահատելով՝ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ից բացի գրեթե մեկ տասնյակ երկրներ կմիանան Կարմիր ծովում անվտանգ նավագնացություն ապահովելու գործողությանը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Իսպանիան, Նիդեռլանդները, Իտալիան, Բահրեյնը։

Ռուսաստանը հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել՝ Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հարցով, հաղորդում է ՄԱԿ-ում ռուսական մշտական ներկայացուցչությունը։

ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ հանդիպումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին:

Եմենում ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության գործողություններն Իրանը կամայական է որակել՝ նշելով՝ «կամայական հարձակումները կսրեն տարածաշրջանում անապահովությունն ու անկայունությունը»։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասիր Քանանին Վաշինգտոնին ու Լոնդոնին մեղադրել է աշխարհի ուշադրությունն այս կերպ Գազայի հատվածից շեղելու փորձերի ու «սիոնիստական ռեժիմին աջակցությունը ընդլայնելու մեջ»։

Նա կոչ արել միջազգային հանրությանը՝ պատասխանատու արձագանքներով և գործողություններով կանխել պատերազմի, անկայունության և անապահովության տարածումը տարածաշրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG