Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան Սև ծովի ականազերծման շուրջ եռակողմ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ «Այս նախաձեռնությունը բաց կլինի միայն այս երեք սևծովյան երկրների ռազմանավերի մասնակցության համար», - նշել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։
«Ազատության» ռումինական ծառայության տվյալներով՝ համաձայնագիրը ստորագրվել է նախօրեին Ստամբուլում։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Թուրքիայի և Ռումինիայի պաշտպանության նախարարները, ինչպես նաև Բուլղարիայի պաշտպանության փոխնախարարը։
Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ երեք երկրների ռազմածովային ուժերն առաջիկայում «Հակաականային ծովային խումբ» կստեղծեն, որը կզբաղվի Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր Սև ծովի ջրերում ի հայտ եկած ականների հայտնաբերմամբ ու ոչնչացմամբ։
«Սա խաղաղ նախաձեռնություն է և ուղղված չէ որևէ երկրի դեմ», - մեկնաբանելով համաձայնագրի ստորագրումը՝ հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը։