Մատչելիության հղումներ

«Ուրեմն կարևոր օբյեկտները պետք է Կենտրոնից հանեն». երևանցիները՝ կարմիր գծերով կայանատեղիների գնի բարձրացման մասին


Նախ հանրային տրանսպորտը պետք է անխափան աշխատի, մետրոյի գոնե մեկ նոր կայարան ու ավտոկայանատեղեր կառուցվեն, հետո նոր կարմիր գծերի համար գանձվող գումարը 13 անգամ թանկանա։ Երևանցիներն այսպես են արձագանքում ավագանու երեկվա որոշմանը, որով կենտրոնում մեքենան կայանելու գումարը 12 հազարից դարձավ տարեկան 160 հազար։

Կարմիր գծերի գումարն ավելացնելով՝ Երևանի կենտրոնն ու Արաբկիրը մեքենաներից չեն բեռնաթափվի. սա էլ ընդդիմադիրներն էին ավագանու երեկվա նիստում պնդում:

Վարորդները քաղաքային իշխանությանն առաջարկում են բոլոր կարևոր օբյեկտները դուրս բերել կենտրոնից, որ իրենք էլ ստիպված չլինեն օրվա զգալի ժամանակը կենտրոնում կայանատեղ փնտրել: Անգամ, եթե տարեկան չվճարեն, միևնույնն է մեկ ժամի համար նախկին 100 դրամի փոխարեն 300 պետք է վճարեն, դա էլ է թանկ, ասում են:

«Ես կենտրոնում օրական 2-3 անգամ բանկ եմ մտնում, ինչո՞վ գնամ, տրանսպորտով, որ գնամ-գամ, պրակտիկորեն ժամանակս չի հերիքելու», - ասաց վարորդներից մեկը:

«Ուրեմն շատ կարևոր օբյեկտները պետք է Կենտրոնից դուրս գնա, ժողովրդի 80 տոկոսն օգտվում է այդ օբյեկտներից», - նշեց մեկ այլ քաղաքացի:

Ընդդիմադիր խմբակցությունները դեմ չէին թանկացմանն ու կենտրոնի բեռնաթափմանը, բայց առաջարկում էին գոնե մեկ տարով հետաձգել նախագիծն ու նախ բարելավել հանրային տրանսպորտը, մարդկանց կենտրոն հասնելու այլընտրանք տրամադրել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրդվելի էր՝ ասաց՝ սա միակ գործիքակազմը չէ, փաթեթով այլ սահմանափակումների հարցեր էլ են առաջիկայում քննարկվելու, սպասելն անիմաստ է։

«Հարցեր, որ դուք ասում եք, լինեն ավտոբուսները, մոտավորապես 200 նոր ավտոբուս ենք ունենալու հաջորդ տարի, առաջին 30-ը հունվարին, լինեն ավտոբուսային հավելյալ գծերը, հավելյալ ավտոկայանատեղիները, որոնք արդեն 4-ը նախատեսված են տարբեր վայրերում, միասնական տոմսային համակարգը, որ 660 ավտոբուսներում արդեն այդ համակարգը ներդրված է, արդեն հաջորդ տարվա սկզբին սկսելու ենք քննարկել դրա գործարկումն ու միասնական տոմսային համակարգի ներդրումը: Կարանք տասնամյակ էլ սպասենք, մի 20 տարի էլ սպասենք....», - ասաց Ավինյանը:

Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու ընդդիմադիր անդամ Հայկ Մարությանը երեկ ավագանու նիստի վերջում հասավ քաղաքապետարան ու հայտարարեց՝ եթե տրանսպորտի հարցը լուծված չէ, ի՞նչ կարմիր գծերի թանկացման մասին է խոսքը:

«Հարուստները կաշրունակեն կայանել կարմիր գծերի վրա, որովհետև այդ գումարներն ունեն, իսկ միջին երևանցու վիճակն էլ ավելի կվատթարան: Միանգամից ասեմ, որ այնպես չի, որ սկզբունքորեն դեմ ենք կայանման վարձի թանկացմանը, այն ժամանակ, երբ քաղաքում տրանսպորտային հարցը բավարար չափով լուծված կլինի, կարելի կլինի քննարկել կայանման վարձի բարձրացման հարցը: Տրանսպորտի հարցը լուծվա՞ծ է, այո, մի քանի հարյուր ավտոբուս են բերել, դրանցից մեծ մասը մեր օրոք է բերվել, բայց արդյոք այսօր տրանսպորտի հարցը լուծվա՞ծ է», - նշեց Մարությանը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ հակադարձեց՝ 3 տարի քաղաքապետ էր ինչո՞ւ է անարդյունավետ ծախս արել ու գնել կապույտ՝ սիթի գազելներ, որոնք հիմա իրենք ստիպված փոխարինում են նորով։

«Երևանցիներին բացատրեք, թե Ձեր քաղաքապետ եղած ժամանակ գնված «Գազել»-ների կեսն ինչո՞ւ են այսօր փչացել, Դուք ունե՞ք դրա պատասխանը, կարո՞ղ եք հնարությանը դրա համար տալ պատասխան», - ասաց Գալջյանը:

«Բացարձակ անարդյունավետ ծախս չէ, դա կարևորագույն ծախս է այդ պահին, որովհետև իրոք կոլապսի էր մատնված ամբողջ քաղաքը տրանսպորտի հետ կապված, ես տեխնիկ չեմ, ես չեմ կարող այդ հարցերով, բայց մենք վերցրել ենք, դա ուներ սպասարկում, երաշխիք և այլն», - արձագանքեց Մարությանը:

Ըստ երեկ հաստատված նախագծի՝ գծանշումների փոփոխություն կլինի, խաչմերուկները նորովի կկարգավորվեն, փողոցները կբեռնափաթվեն, որոշ մեքենաների համար արտոնություններ կլինեն: Ի դեպ, 15 րոպե կայանումն անվճար է, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում: Կարմիր գծերով կայանատեղերը թանկանում են նաև Կենտրոնից դուրս՝ Երևանի այլ բանուկ հատվածներում, բայց ոչ այդքան կտրուկ։

XS
SM
MD
LG