Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ: Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության, դեկտեմբերի 21-ից 22-ը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը քննարկել են տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցեր:
Գրուշկոյին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովի հետ։
Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Հարավային Կովկասի, ինչպես նաև եվրոպական անվտանգության ոլորտում առկա իրավիճակի, ԵԱՀԿ-ում փոխգործակցության, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ երկու երկրների հարաբերությունների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերին։ Ընդգծվել է տարածաշրջանի պետությունների առաջատար դերն ու առանձնահատուկ պատասխանատվությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանման գործում։
Ադրբեջանի և Ռուսաստանի դիվանագետները հաստատել են իրենց հանձնառությունը տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու հարցում: