Վերսալի պալատի այցելուներին ստիպել են անհապաղ լքել այդ պատմական համալիրի տարածքն այն բանից հետո, երբ իրավապահները մի անանուն աղբյուրից ահազանգ են ստացել այնտեղ ռումբի տեղադրման մասին, հաղորդել է Radio France Info-ն։
Պալատական համալիրի վարչակազմը հաստատել է, որ ռումբի մասին հաղորդումից հետո տարհանվել է մոտ 2 հազար այցելու։ Տվյալ պահին տարհանումն ավարտվել է, և համալիրի տարածքում զննություն է իրականացվում:
Այս տարվա ընթացքում Վերսալի պալատում առնվազն 7 անգամ է տարհանում հայտարարվել, քանի որ պետական և հանրային տարբեր կառույցներ ահազանգեր, հեռախոսային հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ են ստացել պայթուցիկ սարքերի տեղադրման մասին:
Մեկ անձ կալանավորվել է Վերսալի պալատի ականապատման մասին սուտ հաղորդման համար, սակայն իրավապահները նրա արարքը չեն կապել ահաբեկչական գործունեության հետ։ Այդ անձը դատապարտվել է 8 ամիս պայմանական ազատազրկման։
Վերսալի պալատը ժամանակին ծառայել է որպես Ֆրանսիայի թագավորների նստավայր, գտնվում է Վերսալ քաղաքում, որը հիմա մայրաքաղաք Փարիզի արվարձան է դարձել: Վերսալի պալատը Ֆրանսիայի ամենահայտնի զբոսավայրերից մեկն է։