Մատչելիության հղումներ

Հոբբին՝ մասնագիտություն. Արցախից տեղահանվածները փորձում են Հայաստանում նոր բիզնես սկսել


44-օրյա պատերազմից հետո, երբ կարճ ժամանակով Երևանում էին, 50 քառակուսի մետր տարածքի կողքով անցնելիս Աննան կանգ է առել ու երազել՝ եթե այդ 4 պատն իրենը լիներ, խմորեղեն կպատրաստեր ու կվաճառեր: Հետո, երբ սեպտեմբերին տեղահանվեցին ու կրկին եկան Երևան, բրոկերներին էր դիմել, որ մի տարածք գտնեն, երազանքն իրագործելու համար: Հենց այս տարածքն էլ առաջարկել են՝ պատահական: 18 օրում անճանաչելի են դարձրել այդ սրահը, ընտանիքի ողջ խնայողությունը մեկտեղել ու բիզնես սկսել: Աննան ու մայրը խոհանոցի պատասխանատուներն են, եղբայրն ու կինը՝ սրահի: Իսկ առաջին անգամ խմորեղեն թխել է հենց հարսիկի՝ Անուշի համար:

Աննան Արցախում բանկային աշխատանքից հետո երեկոյան խոհանոցում էր հանգստություն գտնում՝ խմորեղեն պատրաստելով: Հիմա արդեն հոբբին հիմնական աշխատանքն է դարձել։ Տեսախցիկից այն կողմ Արցախի մասին խոսելիս հուզվում է, արտասվում, կարոտով քնում ու արթնանում, բայց մարդկանց աչքերից հեռու:

Վիշտը հմտորեն թաքցնելուն վարժվել է, երբ 40 օրական էր դուստրն ու ավտովթարից մահացավ ամուսինը:

Արցախի գաթաները, ավանդական քաղցրավենիքն ու ժամանակակից խմորեղենները՝ Հարությունյանների սրահում երեկոյան պատրաստվում են, առավոտյան՝ սպառվում:

Երևանից շուրջ 25 կմ հեռու, վարձով տանն էլ 25-ամյա Էլինա Բաղրյանն է ստեղծագործում: Արցախում իր ձեռագործ աշխատանքները չի վաճառել: Տեղահանվելուց հետո նա էլ իր հոբբին է մասնագիտություն դարձրեց։

19-ամյա զինծառայող եղբայրն այդպես էլ բանակից տուն չեկավ, գերեզմանն էլ Արցախում մնաց: Շուշիում թողել են իր ու ամուսնու բնակարանը, Խնուշակ գյուղում՝ ծնողների տունը: Հիմա Արարատի մարզի Արևշատ գյուղում են տեղավորվել:

Ամուսինն Արցախի պաշտպանության բանակում է ծառայել, բեկորային վնասվածք ունի, հիմա գյուղում աշխատանք է գտել, 3 տարեկան տղան գյուղի մանկապարտեզ է հաճախում, ողջ կյանքը տնային տնտեսուհի մայրն էլ գյուղի խանութներից մեկում է աշխատում, հայրը՝ որ Արցախում խաղողի մեծ այգիներ էր հիմնել, հիմա էլ վարձով տան հողամասն է մշակում: Որ կարողանան ապրելու ծախսերը հոգալ՝ ինքն էլ սկսել է ամանորյա տոնավաճառներին իր աշխատանքները ներկայացնել, վաճառել:

Հայաստանում փոքրիկ քայլերով առաջ գնացող արցախցի այս երկու ընտանիքներն առայժմ արտագաղթելու միտք չունեն, միայն թե մինչև այսօր ամեն թեթև ձայնից վեր են թռչում՝ կրակոցների վախը դեռ հետապնդում է նրանց:

Ավելի մանրամասն՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG