89 տարեկանում մահացել է վրացի անվանի կինոռեժիսոր և սցենարիստ, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, խորհրդային և միջազգային բազմնաթիվ մրցանակների դափնեկիր Օթար Իոսելիանին։
Ըստ The Guardian-ի՝ նա մահացել է Թբիլիսիում։
20-րդ դարի 80-ականներից Իոսելիանին ապրել և ստեղծագործել է Ֆրանսիայում, որտեղ ապաստանել է խորհրդային ռեժիմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
Նրա առաջին հայտնի ֆիլմը 1966 թվականին նկարահանված «Տերևաթափն» էր: Հետագայում նա նկարահանել է մեծ հաջողություն ապահոված «Երգող կեռնեխը», «Հովվերգությունը»:
Ֆրանսիայում նկարահանել է «Լուսնի ֆավորիտները», «Եվ լույս եղավ», «Ավազակները. գլուխ 7», «Թիթեռների որսը»:
2018 թվականին Իոսելիանին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, թե ԽՍՀՄ-ում գրաքննություն կար։ Եվ գրաքննիչները նույնպես ճնշված էին:
«Այս մարդիկ թույլ էին տալիս ավարտին հասցնել ֆիլմերը, նախապես գիտենալով, որ դրանք կարգելվեն: Բայց հենց դրա շնորհիվ էլ հայտնվեցին Գերմանի, Ավերբախի, Պանֆիլովի, Փարաջանովի, Շենգելայա եղբայրների և Բալթյան երկրներում նկարահանված շատ նշանակալից ֆիլմեր»,- ասել է Իոսելիանին: