Մատչելիության հղումներ

«Վերածնունդ» թաղամասը դեռ շահագործման չի հանձնվում. բնակիչները բողոքի ակցիա են անում


«Վերածնունդ» երիտասարդական թաղամասը դեռ 2021-ին պետք է շահագործման հանձնվեր, բայց 2023-ն է ավարտվում, ու բնակիչները դեռ չեն կարողանում իրենց տուն մտնել, որովհետև գազի, հոսանքի ու ջրի անցկացման ճանապարհին տնկված ակացիաները քաղաքապետարանը հրաժարվում է այլ վայր տեղափոխել: Հուսահատ բնակիչներն այսօր բողոքի ակցիայի էին դուրս եկել։

«Ակացիաները տնկվել են, երբ կառուցվել է Մոնթե Մելքոնյան փողոցը, փողոցը կառուցվել է, եթե չեմ սխալվում, 15 թվականին, թաղամասի շինարարությունը սկսվել է 19թ., այդ ակացիաների հատվածում ճանապարհն անցկացնելու մնացած պրոցեսները եղել են 21թ.-ին, այսինքն՝ եղել է քաղաքապետի հաստատում գենպլանի։

Հիմա եկել է նոր քաղաքապետ, և նոր քաղաքապետն այդ հաստատված պլանը չի ուզում կատարի», - ասաց բնակիչներից մեկը։

Երևանի քաղաքապետարանից «Ազատությանը» փոխանցեցին՝ առաջարկել են, որ կոմունիկացիաների լուծման այլ տարբերակ մշակվի, պատրաստ են ցանկացած տարբերակ քննարկել: Բայց 32 ակացիաները չեն տեղափոխվի, որովհետև ըստ քաղաքապետարանի՝ կկորցնեն իրենց կենսունակությունը: Բնակիչների ներկայացուցիչներն էլ, ըստ քաղաքապետարանի, պետք է կառուցապատողի հետ խոսելուց հետո իրենց դիրքորոշումը ներկայացնեին: Ակցիայի մասնակիցները մինչդեռ հակադարձում էին՝ այլընտրանքը քաղաքային իշխանությունը պետք է ներկայացնի, ոչ թե իրենք. - «Մենք էլ որպես համայնք առաջարկում ենք՝ տեղափոխեք ծառերը, եթե ծառերը կչորանան, մենք պատրաստ ենք 35 ակացիայի փոխարեն 350-ը տնկել»։

Շուրջ 1000 բնակարան ու 3000-ից ավելի բնակիչ ունեցող համալիրն այս բոլոր տարիներին պարբերաբար խնդիրների առաջ է կանգնում: Քաղաքային իշխանությունն ու տեսչական մարմիններն ասում են՝ եթե բոլոր աշխատանքները պատշաճ կատարվեն, խնդիրներ չէին լինի։ «Ազատության» եթերներից մեկում քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր՝ կառուցապատողները հաճախ այքնան են շեղվում հաստատված նախագծից, որ իրենք ստիպված են լինում դրանք կրկին ստուգել, մերժել և այլն:

«Վերածնունդը» սոցիալական ծրագիր է, բայց քանի որ այն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի սկսած ծրագիրն է, այս իշխանություններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում, «Ազատութան» օգտատերերի այս հարցին Ավինյանն արձագանքել էր. - «Ինչ հետաքրքիր չէ՝ որ իշխանության օրոք է այս պրոյեկտը իրականացվում, ինձ հետաքրքիր է՝ սոցիալական ենթակառուցվածքների հարցերը լուծվում են, թե չեն լուծվում։ Երևանի քաղաքապետարանը փոխում է իր քաղաքականությունը»։

Համալիրի 7 մասնաշենքերից 6-ի բնակիչները 3 տարի ուշացումով շուտով կստանան սեփականության վկայականները: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ, կառուցապատող Արսեն Քարամյանն ասաց՝ շենքի շահագործման ակտը ստանալու համար դեռ ժամանակ ունի տեսչական մարմին դիմելու համար, բայց նախ պետք է գազի, լույսի ու ջրի հարցը լուծվի: Պնդեց՝ իրենք գիտեն, որ խոշորացույցի տակ են աշխատում, նախագծից շեղումներ չունեն: Քաղաքապետարանն, ասաց, անելանելի պայմաններ է ստեղծում իրենց համար. - «Երբ նամակ ես գրում պատկան մարմին թաղամասի հետ կապված, թաղամասի հետ կապված խնդիրները, որից կապված է աշխատանքի ընթացքը, շարունակել, թե չէ, օրենքով սահմանվում է դիմումների պատասխան ժամկետ, առավելագույնը՝ 14 օր, մենք դեպքեր ունենք, մինչև 7-8 ամիս հետո պատասխանում են, որակն էլ, մեղմ ասած, խնդրահարույց է լինում, և սա շարունակաբար է։ Եղել է 2018թ. հունիս սկսած։

Ջրի դեպքում որոշակիորեն այլ լուծում տալիս ենք ժամանակավոր, եթե այսօր չի կատարվում հիմնովին դա, ապա վաղը առաջացնելու է որոշակի ավելի ծախսեր, որը ոչ ինձ մոտ է նախատեսված որպես կառուցապատողի, և ոչ էլ կատարող կազմակերպության մոտ է նախատեսված։ Խոսքը գնում է մինչև 60-70 մլն դրամի մասին»։

Քաղաքապետարանից հերքում են, թե արհեստական խոչընդոտներ են ստեղծում, բնակիչներ էլ թե քաղաքապետարանին և թե կառուցապատողին են դիմում, պարտաճանաչ մուծում են հիփոթեկի գումարը, շատերը դրան զուգահեռ վարձով են ապրում, այլևս ահնար է սպասել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG