Մատչելիության հղումներ

«Փյունիկ»-ը հայտարարում է՝ եթե ՀՖՖ ղեկավարությունն ընտրություններում չփոխվի, չի մասնակցի հաջորդ մրցաշրջանին


Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբը՝ «Փյունիկ»-ը սպառնում է իր թիմերին չհայտավորել հաջորդ մրցաշրջանի առաջնություններին, եթե դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում ֆուտբոլային գերատեսչության ղեկավար կազմը չփոխվի։

Ընդ որում՝ այսօր հրավիրված ասուլիսում ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն իր բացահայտ աջակցությունը հայտնեց ՀՖՖ նախագահի երկու թեկնածուներից Արաս Օզբիլիզին:

«Եթե ղեկավարությունը չփոխվի «Փյունիկ»-ն առաջնությանը չի մասնակցի, և ես դուրս կգամ ֆուտբոլից, որովհետև իմաստ չեմ տեսնում», - ասաց Սողոմոնյանը:

Տասն օրից ֆեդերացիայի անդամ 25 ակումբները կորոշեն, թե ով է ղեկավարելու գերատեսչությունն առաջիկա երեք տարիների ընթացքում. թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու անցած ամիս կարիերան ավարտած ազգային հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզը։

Որոշ ակումներ արդեն իսկ դիրքորոշում են հայտնել. «Փյունիկ»-ը, «Ուրարտու»-ն Օզբիլիզին են սատարում, «Ալաշկերտ»-ի, «Վեստ Արմենիա»-ի ղեկավարներն էլ ասել են՝ Մելիքբեկյանին ձայն կտան։ Մյուսները դեռ լուռ են։

«Փյունիկ»-ը վաղուց է դժգոհում հայկական ֆուտբոլի ղեկավարումից և անցած տարվանից Արմեն Մելիքբեկյանի հրաժարականն է պահանջում։ Ակումբի ու ֆեդերացիայի հարաբերությունները խիստ լարված են։ Սեփականատերը ՀՖՖ ղեկավարությանը մեղադրում է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը ձախողելու, նաև ոչ արդյունավետ կառավարման համար:

«ՀՖՖ ներկայիս ղեկավարության օրոք երիտասարդական հավաքականը 24 հանդիպում է անցկացրել, որոնցից 22-ում պարտվել է, եթե անկեղծ ես կարծում եմ, որ սա է մակարդակի հիմնական ցուցիչը։ Գիտեք, որ ազգային հավաքականում հիմնականում հրավիրված ֆուտբոլիստներ են խաղում», - նշեց Արթուր Սողոմոնյանը:

Ավելի ցածր տարիքային խմբերում արդյունքները նույնպես խիստ բացասական են. մինչև 19-երի հավաքականը վերջին տասը խաղերից 8-ում պարտվել է: Մինչև 17-երն էլ վերջին 5 խաղերում 18 գնդակ են բաց թողել՝ խփելով միայն 2-ը: Կանանց ազգային հավաքականն էլ ընդհանրապես, ոչ ֆուտբալին հաշիվներով է պարտություններ կրում, թիմը զիջել է իր վերջին 23 խաղում:

«Իմ կարծիքով՝ սա երկու պատճառ կարող է ունենալ. կամ մեր երեխաներն են թույլ, կամ էլ ինչ-որ բան սխալ ենք անում», - ընդգծեց «Փյունիկ» -ի սեփականատերը:

Արթուր Սողոմոնյանը ՀՖՖ ղեկավարությանը նաև մեղադրում է իր ղեկավարած ակումբի նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու համար. սեփական մարզադաշտ չունեցող «Փյունիկ»-ը ընթացիկ մրցաշրջանից առաջ նախ զրկվեց Երևանի «Հանրապետական»-ում տնային հանդիպումներն անցկացնելու թույլտվությունից, ապա նաև Աբովյան քաղաքի մարզադաշտն օգտագործելու հնարավորությունից։ Ակումբը պնդում է՝ ՀՖՖ ղեկավարության նկատմամբ սուր քննադատությունն է ֆեդերացիայի որոշումների պատճառը։

Ինքը՝ Մելիքբեկյանը «Փյունիկ»-ի հետ լարված հարաբերությունների մասին հիմնականում չի խոսում, բայց դատի է տվել Արթուր Սողոմոնյանին՝ պահանջելով ներողություն խնդրել զրպարտության համար։ Դատարանը որոշում դեռ չի կայացրել։

Ինչ վերաբերում է այսօրվա մեղադրանքներին, ֆուտբոլային գերատեսչությունից «Ազատության»-ը միայն փոխանցեցին, թե ՀՖՖ ղեկավարությունն առաջիկայում մեկնաբանություններ կտա՝ առանց այլ մանրամասներ հայտնելու։

XS
SM
MD
LG