Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը լրագրողներին այսօր ասել է, որ «Հայաստանում գերեվարված ադրբեջանցի երկու զինծառայողների վերադարձը Ադրբեջան կապահովի»։ Նա ժամկետներ չի նշել։
Ըստ երկկողմ պայմանավորվածության՝ Բաքուն ազատ է արձակելու 32 հայ ռազմագերիների։ Հրապարակված նախնական ցանկում Բաքվի բանտում պահվող Արցախի քաղաքական ու զինվորական առաջնորդների անունները չկան։
Քյամրան Ալիևի խոսքերով՝ Ղարաբաղում ձերբակալված «անջատականների» գործով մեկ միասնական քննչական խումբ է ձևավորվել։
Օրերս Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Հայտարարությունից հինգ օր է անցել, սակայն գերիները դեռ չեն վերադարձել։