Մատչելիության հղումներ

Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում քննադատել է Ռուսաստանի Դաշնությանը նրա դիրքորոշման համար


Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Ըստ Times of Israel-ի՝ Նեթանյահուն կարճ ժամանակով լքել է կառավարության նիստը՝ Պուտինի հետ խոսելու համար։

Կողմերը զրույցի մասին պաշտոնական հաղորդագրություններում տարբերվող շեշտադրումներ են արել. Նեթանյահուի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի վարչապետը «դժգոհություն է հայտնել ՄԱԿ-ում և այլ վայրերում Ռուսաստանի ներկայացուցիչների հակաիսրայելական դիրքորոշման կապակցությամբ», ինչպես նաև «խստորեն քննադատել է Ռուսաստանի և Իրանի միջև վտանգավոր համագործակցությունը»։

Նեթանյահուի խոսքով՝ ցանկացած երկիր, եթե բախվի այնպիսի հարձակման, ինչպիսին է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա արմատական «Համաս»-ինը (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն), նույն կերպ կվարվի։

Միևնույն ժամանակ, Նեթանյահուն «երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին՝ Իսրայելի քաղաքացուն ազատելու համար, որը նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունի», և խնդրել է Պուտինին ճնշում գործադրել Կարմիր խաչի վրա՝ գերիների հետ կապված հարցում:

Կրեմլի հայտարարության մեջ ասվում է, որ ուշադրության կենտրոնում է եղել «Գազայի հատվածում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը»: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Պուտինը «դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով», բայց կարևոր է համարում, որ «ահաբեկչական սպառնալիքներին հակազդելը քաղաքացիական բնակչության համար նման սարսափելի հետևանքների չհանգեցնի»։ Ռուսական կողմը, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, պատրաստ է օգնություն ցուցաբերել «քաղաքացիների տառապանքը մեղմելու և հակամարտությունը թուլացնելու համար»։ Չի հաղորդվում, թե արդյոք խաղաղության կոնկրետ նախաձեռնություններ են քննարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG