Մատչելիության հղումներ

Հարազատները պնդում են՝ 15-ամյա տղան մահացել է դպրոցում տեղի ունեցած ծեծի հետևանքով, տնօրենը հերքում է


Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցի տնօրենը հերքում է, թե իրենց 15-ամյա աշակերտը մահացել է դպրոցում տեղի ունեցած ծեծի հետևանքով: Մահացած պատանու հորաքույրը մինչդեռ պնդում է՝ զարմիկի ինքնազգացողությունը վատացել է ծեծից հետո։

Տնօրեն Գայանե Սաֆարյանը, որ չցանկացավ տեսանկարահանվել, ասաց, նոյեմբերի 17-ին ֆիզկուլտուրայի դասաժամին Նարեկի ու մի քանի տղաների միջև միջադեպ է եղել, բայց ընդգծեց՝ երեխան մահացել է այս դեպքից ավելի քան 2 շաբաթ անց։

15-ամյա Նարեկի ծնողների հետ մեզ զրուցել չհաջողվեց, այսօր պատանու հոգեհանգստին էր: Հորաքույրը՝ Կարմեն Հովհաննիսյանը, պնդում է՝ եղբոր որդին պատմել է, որ դպրոցում իրեն ծեծել են «արա» բառի համար: Հաջորդ օրը ոտքը գետնին չի կարողացել դնել, նաև միջնամատն է երկու օրվա ընթացքում այտուցվել: Հետո գնացել է գյուղ՝ հոր ֆերմա ու տատիկի տուն, թույլ է զգացել, պառկել է, հայրը նախ Էջմիածնի, հետո երևանյան հիվանդանոց է տարել:

Հորաքույրը պնդում է՝ դպրոցը թաքցնում է, որ եղբոր որդուն ծեծել են Էջմիածնի բժիշկներից մեկի ու դպրոցի փոխտնօրենի տղաները: Պահանջում է, որ իրավապահներն արդար քննություն իրականացնեն ու պատժեն մեղավորներին: Իսկ ինչո՞ւ է պատանու հայրը հիվանդանոցում ու ոստիկանությունում հայտարարել, թե որդին ծեծի չի ենթարկվել, այլ՝ հեծանիվից է ընկել, հորաքույրն ասում է՝ դա մահացած զարմիկի խնդրանքն է եղել:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին՝ նախքան իրենց մոտ տեղափոխվելը ձեռքի և ոտքի ցավեր ունեցող տղան նախ Էջմիածնի պոլիկլինիկայում է առաջին բուժօգնություն ստացել, դրանից 5 օր անց իրենց մոտ է տեղափոխվել ավելի ուժեղ ցավերով, բայց ցուցաբերված բուժօգնությունից հետո ծնողները հրաժարվել են հոսպիտալացումից։ Նույն օրը՝ երեկոյան սակայն, երեխայի մոտ սկսվել է շնչառական անբավարարություն՝ հևոց ու նա կրկին ընդունվել է հիվանդանոց՝ երկկողմանի թոքաբորբով, լյարդի մեծացմամբ ու սեպսիսով, սա արյան վարակն է, նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Ավելի մանրամասն՝ վիդեոռեպորտաժում.

Հարազատները պնդում են՝ 15-ամյա տղան մահացել է դպրոցում տեղի ունեցած ծեծի հետևանքով, տնօրենը հերքում է
please wait

No media source currently available

0:00 0:05:34 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG