Մատչելիության հղումներ

«Դասատու» առցանց կրթական հարթակը աշխատատեղեր է բացել արցախցիների համար


23 տարի Ստեփանակերտում շախմատ դասավանդած Մարիաննա Ադամյանը Արցախի կորստից հետո չէր էլ պատկերացնում, որ կկարողանա նոր բնակավայրում շարունակել սիրելի գործով զբաղվել։ Դպրոցներ է դիմել, բայց, ասում է, չէր ստացվում և՛ վիրավոր ամուսնուն խնամել, և՛ փորքիկին մենակ չթողնել, և՛ հարմար աշխատանք գտնել։

«Դասատու» առցանց կրթական հարթակը արցախցի կնոջ համար հույսի պատուհան դարձավ։ Տեղահանված տասը արցախցիների համար բացված աշխատատեղերից մեկը բաժին հասավ հենց նրան։

«Կյանքը շարունակվում է, մի բան կարելի է անել, որովհետև շատ հուսահատված էինք, երբ եկանք, հիմա էլ է այդպես, բայց այս մարդիկ, որ կարողացան այդքանն անել, հույս տալ, դու արդեն վստահում ես քեզ, որ մի բան անելու ես», - ասում է նա։

Միակ կայուն բանը փոփոխությունն է, որ տեղի է ունենում մեր կյանքում, կես կատակ-կես լուրջ ասում է տիկին Մարիաննան՝ ավելացնելով՝ օնլայն հարթակում աշխատանքային մի փոքրիկ փորձ ուներ կորոնավիրուսի օրերին, ուստի դժվար չեղավ։

5 տարի է արդեն, որ ամերիկաբնակ Սամվել Հովհաննիսյանի ընտանեկան նորամուծությունը բիզնես ծրագրի է վերածվել, և 450 հայաստանցի և արցախցի արդեն միացել է «Դասատու» ծրագրին։

Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո, երբ Արցախը հայաթափվեց, Սամվելը որպես այլընտրանքային տարբերակ իր հարթակն առաջարկեց. - «Եթե ամեն կազմակերպություն վերցնի այսպիսի սոցիալական պատասխանատվություն, որ ամեն մեկս տասը հոգի փորձենք տեղավորել աշխատանքի, այդ ձևով մեզ ընդամենը պետք է քսան հազար աշխատատեղ ստեղծել, որ հարյուր հազար մարդ, ամեն ընտանիքից գոնե մի հոգի եթե աշխատի, ինչ-որ վիճակով կբարելավվի արցախցիների վիճակը, և հայտարարեցինք, որ տասը հոգու կընդունենք։ Հիմա այդ տասը հոգուց հինգն արդեն աշակերտներ ունեն, մյուս հինգը դեռ ոնց որ թրեյնինգների մեջ են, վերապատրաստվում են»։

Սա մի ցանց է, որտեղ հայ ուսուցիչները դասավանդում են հիմնականում արտերկրում ապրողներին: Սակայն, հայերեն սովորելու ցանկություն, պարզվում է, արդեն նաև այլ ազգերի մոտ էլ կա։

Ճապոնացի Տոմոկի Ուկույաման տարիներ առաջ է սկսել սովորել հայերեն։ Ասում է՝ այնքան էր տարվել լեզվով, որ որոշեց գալ Հայաստան, տեսնել Արցախը ու հիմա արդեն 10 ամիս է՝ ոչ միայն լեզուն է սովորում, այլ նաև պատմությունը։

Հարյուրավոր մարդիկ աշխարհի տարբեր կետերից ամեն օր՝ գիշերվա կեսին, լուսադեմին, միանում են համացանցով մի նոր բան սովորելու համար։ Տարին մեկ «Դասատուն» օնլայնից օֆֆլայն է դառնում։ Ծրագրի ղեկավարի խոսքով՝ լավ առիթ է իրար գրկելու, շնորհակալ լինելու համար։ Այս տարի էլ պատահական չէր, որ Արցախի «Ջազ բենդի» շնորհիվ «Դասատուի» հավաքն ավելի ջերմ ու հուզական ստացվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG